Մարգահովիտ գյուղը շարունակ ենթարկվում է տեռորի. Դուլգարյան
Դեռ հանրային լսումը չի կայացել, սակայն արդեն Լոռու մարզի Մարգահովիտի բնակիչների շարջանում մտահոգություն կա, որ քննարկում նախաձեռնող ընկերությունը աջակիցների խումբ է ձևավորում՝ բնակիչների նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու համար։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ահազանգեց «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը։
Նշենք, որ «ՀԱՄԶԱՉԻՄԱՆ-ԷԿՈ» ՍՊԸ-ն Մարգահովիտում դեկտեմբերի 11-ին պատրաստվում է իրականացնել հանրային լսում՝ Մարգահովիտի տորֆի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։
«Առհասարակ հանքավայրի շահագործումը շրջակա միջավայրի համար խնդիրներ է ստեղծում՝ առնվազն փոշու և աշխատող տեխնիկայի միջոցով։ Մարգահովիտն այն գյուղերից է, որն ընտրել է տուրիզմի զարգացման ուղին, այդ թվում՝ Երևանից շատ մարդիկ են տներ գնել, տեղափոխվել և աշխատում։ Իսկ ընդհանրապես տորֆը ինքնահրկիզման հատություն ունի։ Ծանր տեխնիկայի հետ շփվելով՝ տորֆն առաջացնում է ծուխ,ինչը նշանակում է, որ ցանկացած տորֆի հանքավայրի տարածքում «սմոգ» է լինելու և սուր հոտ։ Այս երևույթները մարդկանց մոտ կարող են առաջացնել շնչառական խնդիրներ։ Այս ամենն իմանալով,բնականաբար, համայնքի բնակիչները դեմ են»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին մեկ այլ ընկերություն կրկին նույն նպատակով հանրային քննարկում անցակրեց համայնքում։ Այդ ժամանակ համայնքը դեմ է արտահայտվել։ Այժմ, դեկտեմբերի 11-ին «ՀԱՄԶԱՉԻՄԱՆ-ԷԿՈ» ՍՊԸ-ն է փորձելու հանրային լսում անցկացնել։ Այս ընկերությունը դեռևս սույն թվականի մարտի 14-ին անց է կացրել քննարկում։ Այդ ժամանակ բնակչները դեմ եմ արտահայտվել տորֆի հանքավայրի հետ կապված նախագծի իրականացմանը։
«Ինքս մարտի լսումներին ներկա եմ եղել։ Որևէ հարցի պատասխան համայնքի բնակիչները չէին ստանում։ Համայնքի բնակիչների ճնշող մեծամասնությունն այն ժամանակ դեմ արտահայտվեց և դրանից հետո գործընթացը սառեց։ Այս տարից նորից ակտիվացավ»,-նշեց Լոռու մարզից մեր զրուցակիցը ։
Դուլգարյանի խոսքով՝ այս տարածաշրջանում հանքավայր բացել ցանկացողների թիվը մեծ է, նույնիսկ՝ մետաղական հանքավայր բացելու ցանկություն է եղել։
«Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղը շարունակ ենթարկվում է տեռորի։ Տարիներ շարունակ փորձում են մարդկանց համոզել, որ ձեզ պետք է հանք, նաև մետաղական հանքավայրերի նկրտումներ են եղել։ Այս պահի դրությամբ համայնքի բնակիչներն իսկապես անհանգստացած են, քանի որ նույն մարդկանց հետ գործ ունեն։ Պարզ օրինակ բերեմ՝ նախորդ լսումների ժամանակ ինձ մոտեցան ու ասացին՝ «եթե խոչընդոտես, դու դա չես մարսելու»։ Այսինքն, եթե դա ինձ են ասում, պատկերացրեք համայնքի բնակիչների հետ ինչ ձևով կարող են խոսել։ Բնականաբար՝ համայնքի բնակիչների շրջանում վախի մթնոլորտ է առաջանում։ Սա կոչվում է՝ հանքային տեռոր բնակավայրի նկատմամբ։ Այս բնակավայրը հստակ ասել՝ մենք հանք չենք ուզում, մերը՝ տուրիզմն է, բայց նորից գալիս են լսումներ անցկացնելու։ Ըստ համայնքի բնակիչներից ինձ հասած տեղեկությունների՝ նախաձեռնողները սկսել են ձևավորել կողմնակիցների մեծ թիմ, որպեսզի գան և բարոյահոգեբանական ճնշման ներքո այդ ամենն անցկանեն»,- տեղեկացրեց Դուլգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային լսում՝ Մարգահովիտ բնակավայրում
- Հանքը չի բացվելու, չի լինելու ոչ մի հանրային լսում. Մարգահովիտում բողոքի ակցիա է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան