Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերիի 5-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի համերգը։
Նվագախմբից մանրամասնում են՝ ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Կոչնակները «Գայանե» բալետից, Դաշնամուրի կոնցերտը և Թիվ 3 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ժան-Պոլ Գասպարյանը մեծ ճանաչում է վայելում երաժշտական աշխարհում։ Նրա կատարմամբ Շումանի երկրորդ սոնատը Ալդո Չիկոլինիի վերջին մենահամերգի հետ ընդգրկվել է Նոանի փառատոնի առաջին սկավառակում, իսկ ֆրանսիական հեղինակավոր “Classica” ամսագիրը նրան ընդգրկել է 10 ամենախոստումնալից երիտասարդ դաշնակահարների ցանկում: 2018-ին նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: Արդեն այս տարի նա թողարկել է իր հինգերորդ ալբոմը, որը նվիրված է Դեբյուսիի արվեստին։
2019-ին Évidence Classics ապրանքանշանը թողարկել է Ժան-Պոլ Գասպարյանի կատարմամբ Շոպենի բոլոր մենանվագ ստեղծագործությունների ձայնասկավառակը: 2020-ի փետրվարին Գշտադի փառատոնի (Շվեյցարիա) շրջանակներում արժանացել է Թիերի Շերցի մրցանակի՝ լավագույն մենահամերգի համար և առաջարկ ստացել “Claves” ապրանքանշանի ներքո ձայնագրվելու նվագախմբի հետ:
Նոյեմբերի 16-ին մեկնարկած Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին