Աքորիում համագյուղացու սպանության գործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ փոխանցմամբ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նույն բնակավայրի 22–ամյա բնակիչը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2023թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի փողոցներից մեկում ոչ սթափ վիճակում վարել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որը հանկարծակի ծագած անսարքության պատճառով կանգ է առել նշված փողոցի տներից մեկի դիմաց։
Երբ երիտասարդը փորձել է վերացնել ավտոմեքենայի անսարքությունը, փողոցով ավտոմեքենայով երթևեկող 50–ամյա համագյուղացին, լինելով ոչ սթափ վիճակում, հայհոյանքներ է հնչեցրել՝ դժգոհելով, որ վերոնշյալ ավտոմեքենան խոչընդոտում է ճանապարհի երթևեկությունը։ Այնուհետև վերջիններիս միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 22–ամյա երիտասարդն ավտոմեքենայից վերցրած սուր ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ երեք անգամ հարվածել է 50–ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի հատվածներին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհա-մատեղելի մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները