Աննա Հարությունյանը ֆիլմով կներկայացնի Նազիկ Ավդալյանի անհավանական սպորտային կարիերան
«Մաքսիմ» պրոդաքշնը ֆիլմ է նկարահանում հիմնված իրական պատմության վրա՝ կին ծանրորդ, կանանց ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսորն է Աննա Հարությունյանը՝ Աննա Մաքսիմը, ով ֆիլմում մարմնավորում է հենց Նազիկ Ավդալյանին։
Panorama.am-ը զրուցել է Աննա Հարությունյանի հետ։
Panorama.am-Ինչո՞ւ որոշեցիք ֆիլմ նկարահանել Նազիկ Ավդալյանի մասին և ինչպե՞ս մտահղացավ այդ գաղափարը։ Ե՞րբ է նախատեսված պրեմիերան։
Աննա Հարությունյան- Նազիկ Ավդալյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը եկավ շատ պատահաբար, ոգեշնչման պես: Մարզասրահում սովորականի պես մարզվում էի, երբ մեջքս ցավեցրեցի: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս՝ ինչպես են մեր մարզիկները դիմանում այդ ցավերին, և անունը, որ գլխումս պայթեց Նազիկ Ավդալյանի անունն էր:
Միանգամից հասկացա, որ նրա անցած անհավանական ճանապարհի մասին ֆիլմ պետք է նկարահանեմ, որը, անկասկած, ոգեշնչման աղբյուր կհանդիսանա շատ շատերի համար:
Ֆիլմի ժանրը սպորտային դրամա-կենսագրություն։ Պրեմիերան նախատեսվում է 2024 -ի աշնանը:
Panorama.am-Ո՞րն է ֆիլմի հիմնական ասելիքը։
Աննա Հարությունյան- Բացի այն, որ ֆիլմը Նազիկի Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին է, այն նաև ներկայացնում է ի դեմս Նազիկի հայ կնոջ անկոտրում տեսակը, ով կանգ չի առնում որևէ դժվարության առաջ: Կին, որ ուժեղ է առաջին հերթին ոգով: Ֆիլմի ասելիքը հետևյալն է. երբ կա անկոտրում կամք, նույնիսկ անհավանականը հավանական է դառնում:
Panorama.am- Ֆիլմը դիտողն ինչպիսի՞ Նազիկ Ավդալյանի կբացահայտի։
Աննա Հարությունյան- Ինչպիսին որ նա կա՝ ուժեղ, բայց և միևնույն ժամանակ նուրբ և փխրուն:
Panorama.am - Ի՞նչ է գտնվում մեդալի հակառակ կողմում։
Աննա Հարությունյան - Տոկունություն, նվիրում, ցավ, հիասթափություն, պայքար և կամքի ուժ։ Ահա թե ինչ է թաքնված մեդալի հակառակ կողմում…
Panorama.am - Դուք մարմնավորում եք Նազիկ Ավդալյանին։ Մարզվում եք, ֆիլմում ներկայացնելու եք այն տեխնիկան, որով Նազիկ Ավդալյանն է հանդես եկել։ Բնականաբար, բարդ է։ Ինչի՞ն է Ձեզ մոտիվացնում հաղթահարելու այդ բոլոր դժվարությունները։
Աննա Հարությունյան-Առաջին հերթին պատասխանատվությունը Նազիկի և հանդիսատեսի առաջ: Մարզվում եմ ամեն օր, հեշտ չէ, բայց պետք է աշխատել ու անհնարը հնարավոր դարձնել։
Panorama.am - Ովքե՞ր են նկարահանվել ֆիլմում, ինչպե՞ս է կատարվել ընտրությունը։
Աննա Հարությունյան- Ֆիլմում նկարահանվելու են հանդիսատեսի կողմից շատ սիրված և հարգված արտիստներ` Խորեն Լևոնյան, Սոս Ջանիբեկյան, Բաբկեն Չոբանյան, Արտաշես Ալեքսանյան, Մկրտիչ Արզումանյան, Դավիթ Հակոբյան, Անահիտ Քոչարյան։
Panorama.am- Ֆիլմը ունի՞ պետական ֆինանսավորում կամ դիմե՞լ եք պետական աջակցության համար։
Աննա Մաքսիմ- Ֆիլմը ստացել է Ազգային կինոկենտրոնի աջակցությունը:
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Լուսանկարները և տեսանյութերը տրամադրել է Աննա Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան