«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
Հայասաթ թիմը տեղեկացնում է, որ հաջողությամբ հետևում է «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակի թռիչքին: Արբանյակն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով՝ առանց խոչընդոտների։
Ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա հիմնադրամի և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։
«Հայասաթ-1» արբանյակը CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է, այն զինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։
Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU), որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։
Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- «Հայասաթ-1»-ն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները
- «Հայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր
- Տիեզերք բարձրացավ «Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
- «Բազումք». Հայասաթ-1 արբանյակի քրաուդֆանդինգային արշավի մեկնարկը համարում ենք հաջողված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան