Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Սկսվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ 12 անդամներից 8 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։ Իրենց դիրքորոշումները տարբեր ձևերով արտահայտել են, կա նաև կառավարւթյան արձագանքը մեր օրենքի նախագծին։ Իրավական տեսանկյունից անհեթեթ, չհիմնավորված արձագանք է», - ԱԺ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրողներին խոստացել է հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի ժողովրդի անվտանգությանը, շարունակել բանակցությունները ԵԱՀԿ շրջանակներում, հասնել Արցախի վերջանական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորշման իրավունքի վրա։
«Բոլոր այս խոստումները ՔՊ-ն փորձում է մոռացության մատնել։ Դրանք ոչ թե օդում տված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր, կառավարության ծրագիրն ԱԺ-ն ընդունել է, որն օրենքի ուժ ունի և պարտադիր է կատարման համար։ Այդ կառավարության ծրագիրը հենց Փաշինյանի կառավարության ծրագիրն է։ Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագիրն։ Դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է ապօրինի։ Կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ։ Մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունը, որն իր ընտրողներին խաբել է, ինչ որ իմաստով իշխանազավթում է իրականացնում, ընտրությանը տալիս է խոստումներ, անում է դրան ուղիղ հակառակը։ Այդ կառավարությունն իրեն դուրս է դնում օրենքից ու մեր խնդիրը պետք է լինի այդ կառավարությունից ազատվելը։
Ուզում եմ առիթից օգտվել և ՔՊ բոլոր պատգամավորներին ասել՝ ինչին եք դուք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում ձեր կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է պետք է կառավարությունը հրաժարական տա»,- ասաց Չալաբյանը։
Նա նշեց, որ «Հայաքվեն» ավելի քան արդիական է։
«Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պաշտպանել, որպեսզի մենք երբևէ կարողանանք Արցախը վերադարձնել։
Արցախը օրենքով պատկանում է հայ ժողովրդին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե այս պահին հանգամանքների բերումով ապրում են Հայաստանում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի կարողանան վերադառնան ու վերատիրանալ Արցախին։ «Հայաքվեն» հենց դա է մեզ տալիս»,- ասաց Չալաբյանը։
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան