Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է.
«Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է ու դուք էլ տիրապետում եք երկրի անվտանգության լուծումներին: Հանուն պաշտոնի՝ առաջ եք բերել անիրատեսական նպատակներ ու դրանք արդարացնելու համար կոծկել ու քողարկել եք ադրբեջանական հանցանքները։ Եվ այս ամենն արել ու անում եք սեփական քաղաքական իշխանությունը պահելու համար մղձավանջային վախերի պատճառով։
Այսպես են բաց թողնվել կամ էականորեն նվազեցվել մեր երկրի անվտանգության հիմնարար լուծումների (օրինակ՝ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը) համար պայքարի հնարավորությունները։ Շատ հարցերում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը, ստեղծել է սեփական քայլերի իրավական [թեև արհեստական] հիմքերը, խաղաղության կեղծ շղարշի ներքո ամրապնդել է հայատյացությունը։ Հիմա էլ նույն սանձարձակ պահվածքով շարունակում է հանցանքները մեր քաղաքացիների նկատմամբ, ինչպես ցավոք տեղի ունեցավ այսօր։
Մեզ համար սրա գինը Հայրենիքն է, մարդու կյանքն է՝ զինվորականի ու քաղաքացիական բնակչի կյանքը։ Մինչդեռ, Հայաստանի յուրաքանչյուր զինվորական ադրբեջանական հանցավոր արարքներից պաշտպանում է իր Հայրենիքը, այդ Հայրենիքում ապրողին, ու նրանց կյանքը միջազգային պաշտպանության ներքո է։
Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ:
Ուստի, մեկ բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում:
Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի»:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է. Հասրաթյան
- «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առավելություններից կարող են օգտվել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի երկրները․ Միրզոյան
- Ադրբեջանի իշխանությունն սկսել է բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ․ Թաթոյան
- Նյու Դելիում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
- ՀՀ կառավարությունը անգլերենով տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը