Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին:
«Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտո ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի պատգամավորը հավաստիացրեց, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ կատարած կոչի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը
- Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
- Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան