Ուսուցիչներով 2 տարի բոլոր կառույցներին դիմում ենք, խնդրում, իրենք մեզ ուղղակի չեն լսում. Շողեր Բաբայան
«Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանն առաջարկ է արել ուսուցիչներին՝ գտնել կամ ստեղծել արհմիություն, բոլորով միանան ու արհմիությանը պահանջել պաշտպանել իրենց շահերը։
«Արհմիությունը օրենքով նաև կարող է գործադուլներ կազմակերպել, ինչը կլինի մեր ամենամեծ զենքն այս անարդարությունների դեմ»,- գրել է նա:
Իսկ անարդարությունների մասին ուսուցիչները բարձրաձայնում են բավականին երկար ժամանակ։ Դրանք վերաբերում են հիմնականում ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Թեև կառավարությունից, ԿԳՄՍ նախարարությունից նրանց բարձրաձայնած հարցերին «պատասխանում են», սակայն խնդիրները լուծում չեն ստանում։
Panorama.am-ը զրուցել է Շողեր Բաբայանի հետ առաջիկա քայլերի մասին։
Panorama.am-Մինչ այժմ ձեր նախաձեռնած քայլերը որևէ օգուտ չե՞ն տվել, որ ուզում եք արդեն միասնական մարմնի միջոցով փորձել հասնել խնդրի լուծմանը։
Շողեր Բաբայան-Արդեն երկրորդ տարին է աշխատավարձի բարձրացման ու կամավոր ատեստավորման հետ կապված անարդարությունների դեմ պայքարում ենք ու անընդհատ մեր առաջ պատ են դնում։ Հետո պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանին տեղեկատվություն է հասել, որ կամավորը շատ լավն է, իդեալական է, ուսուցիչները գոհ են։ Այն իրական պատկերը, որ կա, չի հասնում տեղ։ Ուսուցիչների շահերը օրենքով սահմանված, կարծես թե, տրված են արհմիություններին, և մենք կօգտվենք այդ հնարավորությունից։ Կամ կստեղծենք արհմիություն կամ ստեղծված արհմիությունների մեջ կգտնենք այն արհմիությունը, որը կխոստանա պաշտպանել ուսուցիչների շահերը ու որևէ պահից սկսած վերադասների կամքը մեզ չի թելադրի։ Ամբողջ համայնքով կմիանանք տվյալ արհմիությանը։ Ապագայի համար նման պլաններ ունենք։
Որևէ ուսուցիչ այդքան ժամանակ չունի, որ կտրվի իր աշխատանքից ու անընդհատ ժամանակը տրամադրի զեկույցներին, դիմումներին, պատասխաններին։
Ամբողջ աշխարհում արհմիությունները բավականին լուրջ գործառույթներ են անում տվյալ ոլորտի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության գծով։ Մենք էլ կհասնենք դրան, որ կունենանք նման զարգացած արհմիություն։ Այլ տարբերակ մեզ չի մնում։
Այսքան ժամանակ վստահել ենք վերադասներին, վստահել ենք մեր ընտրած կառավարությանը, մտածել ենք, որ իրենք կպաշտպանեն ուսուցչի, արդար մարդու շահերը։ Մենք զբաղվել ենք մեր աշխատանքով, բայց հիմա, կարծես թե, դրա կարիքը կա, որովհետև երկու տարի անընդհատ մենք բոլոր կառույցներին, տարբեր ձևերով դիմում ենք, առաջարկում ենք, խնդրում ենք, արդյունքում ստացվում է, որ իրենք մեզ ուղղակի չեն լսում։
Panorama.am-Հայաստանում կա՞ ուսուցիչների խնդիրներով զբաղվող արհմիությունները, թե՞ նորը պետք է ստեղծեք։
Շողեր Բաբայան-Հիմա նմանատիպ փնտրտուքների մեջ ենք. եթե չգտնվի, ուսուցիչների ակտիվ խումբը, ովքեր կցանկանան զբաղվել նման գործառույթներով, իրենք կստեղծեն այդ կառույցը, մենք բոլորով կմիանանք այդ կառույցին։
Panorama.am-Պարբերաբար նամակներ եք փոխանցում կառավարություն, ԿԳՄՍ նախարարություն, արձագանքները չե՞ն գոհացնում ձեզ։
Շողեր Բաբայան-Մենք մեր բոլոր տարբեր տիպի նամակներին ստացել ենք նույնաբովանդակ պատասխաններ։ Իրենց պատասխանները նույնաբովանդակ են, բայց իրենք նշում են, որ մեր դիմումներն են նույնաբովանդակ։
Panorama.am- Ձեր դժգոհություններից հետո ինչ-որ փոփոխություններ չե՞ն եղել։
Շողեր Բաբայան-Անընդհատ շեմ են իջեցնում, բայց ո՞րն է շեմ իջեցնելու իմաստը։ Իրենք անընդհատ գիտական մակարդակով հարցեր են տեղադրում, որոնք ուսուցչին ընդհանրապես պետք չեն։ Երբ մենք ասում ենք, որ դուք գիտական մակարդակի հարցեր եք տեղադրում, ասում են՝ ոչ, դա ծրագրերով ու չափորոշիչներով է։
Ինչ-որ կարգավորումներ են արել, որն էական ազդեցություն չի ունենալու կամ շատ քիչ մարդու վրա կունենա ազդեցություն։
Չի կարելի մարդուն այդ կարգի սեղմել, հետո հանրության առաջ բարձրաձայնել, որ ուսուցիչներն այնքան անգրագետ են, որ մենք տոկոս ենք իջացրել։ Շատ վիրավորական է տոկոս իջացնելը։ 60 հարցի փոխարեն 30 հարց կարող եք գրել, այնքան, ինչքան հնարավոր է միջին արագության մարդը դա կարողանա անել։
Մենք երկու տարի անընդհատ բարձրաձայնում ենք անարդարությունների մասին, իրենք երկու տարի ասում են՝ ոչ, թեստերը նորմալ են։ Հանդիպման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանն ասել է՝ բոլոր ուսուցիչները փաստել են, որ թեստերը ժամանակի մեջ չեն տեղավորվում։ Բայց որ չեն տեղավորվում, շեմը չհաղթահարող ուսուցիչը ի՞նչ մեղք ունի, որ ազատման վտանգի տակ եք դնում նրան։ Եթե այդ խնդիրը կա, դուք գիտեք, որ մարդը չի հասցրել ու դրա համար չի հաղթահարել շեմը, ինչու եք այդ մարդուն վտանգի տակ դնում։
Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ
- Ատեստավորումը չանցած ուսուցիչների մի մասին հնարավորություն կտրվի երրորդ անգամ փորձել
- Ուսուցիչների ատեստավորումը երաշխիք չէ, որ կրթության որակը կբարձրանա. Փորձագետ
- Դուք ի՞նչ իրավունք ունեք ինձանից այդ ամբողջը պահանջելու. Շողեր Բաբայան
- Ուսուցիչները թեստ են կազմել կրթության ոլորտի պատասխանատուների համար. Պատրա՞ստ եք
- Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
- Հենց հերթը հասնում է ուսուցչին՝ բյուջեն սո՞ւղ է. Շողեր Բաբայան
- Չենք լռելու, ուսուցիչները ոգևորված են, կրակը վառված է. Շողեր Բաբայան
- Այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողեր Բաբայան
- Շողեր Բաբայան. Ուսուցիչը համբերությունից դեռ այսքան դուրս չէր եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան