ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով մերժվեց «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2 ժամ քննարկումից հետո «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն առաջարկեց հետաձգել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը, որով պետք է որոշվեր այն ԱԺ օրակարգում ընդգրկել, թե ոչ։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նման աշխատակարգ չկա, երբ քննարկված նախագիծը վերջում երկու ամսով հետաձգվի և պետք է քվեարկության դրվի։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը բերեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան դրույթը, որում սահմանվում էր, որ եթե առաջարկություններ են լինում քննարկվող նախագծի վերաբերյալ, ապա նրա հեղինակը կարող է երկու ամսով հետ կանչել նախագիծը։
Վլադիմիր Վարդանյանի փոխարեն նիստը վարող Արուսյակ Ջուլհակյանը խննդրեց հանձնաժողովի փորձագետին մեկնաբանել օրենքի այդ դրույթը։
Վերջինս հայտնեց, որ, ինչպես Արծվիկ Մինասյանն է ասում, առաջարկությունների քվեարկությունից հետո հեղինակը կարող է հետաձգել նախագիծը, բայց այդ նույն նորմի շարունակության մեջ ասվում է, որ հետաձգված նախագիծը պետք է դրվի քննարկման առաջարկների դիտարկմամբ ու քանի որ հանձնաժողովը մինչ այդ մերժեց Մինասյանի ներկայացրած առաջարկները, հետևաբար քվեարկությունը չի կարող հետաձգվել։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ եթե նախագիծը դրվի քվեարկության, ապա այն ՔՊ-ի կողմից օրենքի կամայական մեկնաբանության արդյունքում է լինելում։
ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։
«Հայաստան» խմբակցության անդամները պահանջեցին որ, ըստ կանոնակարգի, ԱԺ նիստում հանդես գան հատուկ կարծիքով։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե»-ի նախաձեռնության վերաբերյալ հայտարարության տեքստի քվեարկությունը
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց
- «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը
- Նման անհեթեթ մեղադրանք հայաստանյան արդարադատության պատմության մեջ երբևիցե չի եղել. «Հայաքվե»
- «Փաստ». «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացվում է նոր կապիտուլյացիային
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան