«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից եւ ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) կողմից շահագործվող 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը նոյեմբերի վերջին դուրս է բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ Հնդկաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը;
«2021 թ. դեկտեմբերին ՀՀ պետական գրանցում ստացած «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը հայ-արաբական համագործակցության արդյունք է, թռիչքներ իրականացնում է 2022-ի հուլիսից «Ֆլայ Արնա» ապրանքանիշի ներքո:
Մինչեւ վերջերս՝ նոյեմբերի 24-ը, ավիաընկերության շարժակազմում կար 2 հատ «Airbus A320» (հայկական գրանցումները՝ EK-YRB եւ EK-YRC): Սրանցից EK-YRB-ն ընկերության ավիապարկը համալրել է եւ հայկական գրանցում է ստացել 2022 թ. սեպտեմբերին, իսկ EK-YRC-ն՝ նույն տարվա դեկտեմբերին: Երկուսի գրանցումներն էլ վավեր էին 5-ական տարով՝ մինչեւ 2027 թ.: Նկատենք, որ 2022 թ. մայիս-դեկտեմբերին էլ հայկական փոխադրողը շահագործում էր EK-YRA գրանցումով եւս մեկ «A320»:
Նոյեմբերի 24-ին, երբ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ներկայացրեց օդանավերի հայկական ռեգիստրում գրանցված բորտերի ցուցակը, պարզ դարձավ, որ EK-YRC-ն ապագրանցվել է Հայաստանի ռեգիստրից, այսինքն՝ ներկայում ընկերության շարժակազմում մնացել է միայն EK-YRB-ն, որը շարունակում է չվերթերը: Իսկ ահա EK-YRC-ն, ինչպես տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետեւող կայքերից, դեռ նոյեմբերի 9-ին էր Երեւանից մեկնել Շարժա:
Հիշեցնենք, որ «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49 %-ը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ, ANIF - Armenian National Interests Fund), եւս 49 %-ի տիրապետում է ԱՄԷ Շարժա քաղաքում բազավորվող «Air Arabia» ավիաընկերությունը, չնայած փաստաթղթերով վերջինիս բաժնեմասի սեփականատեր է գրանցված Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունը, որը, ըստ էության, «Air Arabia»-ի խմբի կազմակերպություններից է: Մնացած 2 %-ի սեփականատերը լիբանանահայ գործարար, ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն է (մանրամասները՝ այստեղ):
Այլ կերպ ասած՝ պատահական չէ, որ արդեն նախկին EK-YRC-ն նոյեմբերի սկզբին Երեւանից մեկնել է հենց Շարժա: Ավիացիոն տեղեկատուների համաձայն՝ 2007 թ. թողարկված այս օդանավը, որը մինչեւ Հայաստան բերվելը շահագործվել էր Իսպանիայում, ԱՄԷ-ում ու Եգիպտոսում, կրկին գրանցվել է ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կազմում (A6-AQH)»,- գրում է «Հետքը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում;
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան