Վատ արած գովազդի արած վատը
Վերջերս ֆիլմերի կայքերում հայկական բանկի նոր գովազդ է հայտնվել՝ վարդագույնի ու երկնագույնի տրին-տինգ-տիիի արագ փոփոխությամբ։ Ի՞նչ են մտածել այդ գովազդը պատրաստողները։ Որ հատուկ ֆիլմերի կայք մտած մարդը բանը թողած պիտի նայի արագ առկայծող գույներին ու կարդա, թե ինչ են ասում ու գնա հատուկ այդ բանկի՞ց օգտվելու։
Պարզապես սկսում են այդ կայքեր չմտնել, որ կուրացնող գովազդը չտեսնեն։ Ու քանի որ զրկվում են իրենց սիրած կայքերից, մի բան էլ մտքում ասում են՝ ծոծրակդ կտեսնես, ինձ ձեզ մոտ չես տեսնի, որ չթողեցիք իմ հանգստի ժամին հանգիստ ֆիլմ նայեմ։
Հետաքրքիր է՝ գովազդվողը, կամ այն կայքը, որտեղ այդ գովազդը դրված է, տեղյա՞կ են, թե ինչ խոզ են դրել իրենց տակ գովազդի գուրուները։
Քանի թեման բաց է, մի թեթև հիշենք գովազդի էվոլյուցիաան։
Առաջին գովազդները իմաստալից, էսթետիկ արված մինի ֆիլմեր ասես լինեին։ Օրինակ՝ հայկական առաջին գովազդներից մեկը (չգիտեմ յութուբում կա, թե չէ), որ միջազգային մրցանակ ստացավ, հայկական կոշիկի գովազդ էր. Աղջիկը վազում է ամառային դաշտով, ու վազքի ընթացքում ոտքը դնում է ծաղիկի վրա։ Ոտքը հեռացնելուց հետո ծաղիկը նորից ուղղվում է, ասես ոտնատակ չէր էլ եղել։
Ահա այսպիսի հայկական կոշիկ։
Հետո եկան էլ ավելի գեղարվեստական գովազդները. Ահա մեկը իմ շատ հավանածներից.
Ի դեպ՝ այնքան խոսուն ու սիրուն է արած, որ ուզում ես ընդմիջել այն մի անտաղանդ գովազդով, հաստատ իմանալով, կսպասեն էկրանի դիմաց, մինչև շարունակությունը նայեն։
Հենց այդպիսի՝ անտաղանդ գովազդներ սկսեցին արտադրել ու դրանք խցկել ամենուր ու շատ-շատ։ Այդ գովազդները դարձան ընտանիքների անդամների ջուր խմելու, զուգարան վազելու, մի հատ բրդուճ անելու ժամանակը։
- Վերջ.-գոռում էին խոհանոցներից, լոգասենյակներից։
- Դեռ չէ.- հանգստացնում էին ֆիլմի՝ հեռուստացույցի մոտ մնացած պահակները։
Թե մի բան ծնում էին այդ գովազդները, ապա՝ տհաճություն ու դրայվ։
Թեպետ՝ հանուն արդարության նշեմ, որ երեխաներ կային, որ այդ շատ ցուցադրվող գովազդներով կարդալ սովորեցին՝ համադրելով ձայնն ու գրածը՝ Тамрах Tampax որակի։
Սոցիալական գովազդները։ Կային, որ շատ անհրաժեշտ էին՝ էլէներգիայի, ջրի տնտեսման մասին, անվտանգության մասին՝ գազը անջատելը չմոռանալ։ Կային, որ ռոմանտիկ էին ու լացացնող, բայց ոչինչ, ուղղակի շատ չլինեին։ Բայց դրանք կորան, «շուկայի» համար անպետք դուրս եկան։
Եկան հումորային գովազդներ։ Եթե հումոր կար։
Հայկական գովազդներում «հումոր» էր համարվում հարս-սկեսուր, ամուսիններ վեճերը։
Կային գովազդներ չգիտես ինչի մասին, բայց գրավող։ Սա օրինակ մինչև հիմա ես չգիտեմ ինչի մասին է, բայց լավն է.
Սկսեցին նաև հանրահայտ մարդկանցով գովազդները, այնպես, էլի, մեծ մասամբ քաղքենի արած։
Կային գովազդներ, որ մարդիկ մոռանում են ինչի վրա էր շեշտը, կամ դառնում էին շարժեր ու մեմեր. Օրինակ սա՝ «շպագատի» մասին ))։
Լրատվամիջոցների կայքերում դրվող գովազդները, ցավոք, ընտրել չի լինում։ Ինչպես երկու երնեկ իրար հետ չեն լինում՝ որ համ ասես, որ սիրուն ու ճիշտ գովազդ լինի, համ գովազդատու լինի։
Չգիտես ինչու գովազդային դաշտում համարվում է, որ վստվստացող գովազդները լավն են։ Դրանցով էլ լցնում էին լրատվականները, որոնք լրատվականների աշխատողները հիմնականում չեն էլ տեսնում, որովհետև փակում են, որ աչքերը չցավացնեն։
Իսկ այ, ֆբ-ում դրվող հրապարակային նյութերը, որոնց մոտ «գովազդ» է գրվում, ոչ թե գովազդային են, այլ ուղղակի գումարի դիմաց ֆբ-ն թույլ է տալիս այդ նյութերը ավելի շատ մարդկանց տեսնել։
Սա էլ իր վատ կողմն ունի՝ լուրջ բաներ չես կարող դնել գովազդի տակ «գովազդ» բառի պատճառով, իսկ «թեթև» լուրը հետ է գցում առանց գովազդի ֆեյսբուք տարած նյութերի տեսանելիությունը։
Գովազդները սպասում են հեղափոխության, իսկ դրանք անողները դեռ չեն հասկացել. կամ հավես չունեն խոստովանալու վատ արած գովազդների վնասները։
Ա. Ո.
Հ.Գ.- Բանկն էլ, ում ես փաստորեն զգուշացրեցի իր գովազդի անարդյունավետության մասին, «ինձ ինչ տա՝ տա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան