Չե՞ք գտնում, որ ձեր կուսակիցների պահվածքը հայկական պարլամենտարիզմի ոչնչացնելուն միտված քայլ է. Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Հերթական անգամ մեծամասնությունը թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնած հարցը մտնի ԱԺ նստաշրջանի նիստի օրակարգ ու քննարկվի նիստում։ Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում»,- ԱԺ հերթական նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Այն վերաբերում էր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:
Հանձնաժողովի ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։
Այսօրվա նիստում Արթուր Խաչատրյանը հարցով դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Որպես ԱԺ նախագահ՝ չե՞ք գտնում, որ ձեր կուսակիցների պահվածքն ուղղակի հայկական պարլամենտարիզմի ոչնչացնելուն միտված քայլ է»։
Ալեն Սիմոնյանն ասաց. «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պարլամենտարիզմը ոչնչացնում է նիստերի չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների ղեկավար մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեություն։
Օրենքով տրված շատ հնարավորություններից հրաժարվում եք, հետո գալիս եք այստեղ, զարմանում, թե ինչու մի հարցը չի մտել օրակարգ, փորձում եք այստեղ նախաձեռնել քննարկումներ, որոնք պետք է ունենաք հանձնաժողովներում»։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Կարո՞ղ են հասկանալ, որ ձեր ասածը պարզ շանտաժ էր, քանի որ ձեր պահվածքն, այսինքն մեր պահվածքն այսպես է, դուք շարունակելու եք ընդդիմության բոլոր նախաձեռնությունները սպանել հանձնաժողովների մակարդակում»։
«Բնական է, ոչ, կան օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել։ Երկրորդ՝ աշխատանքը չի կարող սելեկտիվ լինել, երրորդ՝ մենք և հանրությունը սպասում ենք՝ հասկանալու, թե որն է այն օրակարգը, որով դուք մի պահ վերադարձաք ԱԺ, հետո հեռացաք, հետո էլի վերադարձաք։ Այդ հարցերի պատասխանները դուք պետք է ձեր մեջ քննարկեք, ներկայացնեք ձեր ընտորղներին:
Իսկ մեզ ընտրողները գոհ են իրենց կողմից ընտրված պատգամավորերից։ Հայաստանի համար կարևոր է ունենալ նորմալ, գործող ընդդիմություն։ Դա մեզ համար կարևոր է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, քանի որ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն, ուստի ՔՊ-ն կառաջնորդվի գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ և այս նախագծին դեմ կքվեարկի։
ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին՝ կողմ 26, դեմ 57, ձեռնպահ 1:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով մերժվեց «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը
- ԱԺ-ն երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե»-ի նախաձեռնության վերաբերյալ հայտարարության տեքստի քվեարկությունը
- Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց