Վերջին շաբաթվա ընթացքում թոքաբորբի դեպքերն աճել են 4%-ով, Mycoplasma չի արձանագրվել. Ռոմելլա Աբովյան
Չինաստանից դեպի Եվրոպա տարածվող Mycoplasma բակտերիայով պայմանավորված թոքաբորբի դեպքերի մասին ահազանգող լուրերը չեն իջնում միջազգային մամուլի էջերից։
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հիվանդությունը, սպառնո՞ւմ է թափանցել Հայաստան, ի՞նչ իրավիճակ է Հայաստանում վիրուսային սուր շնչառական վարակների առումով։
Panorama.am-ն այս հարցերն ուղղեց ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանին։
Ռոմելլա Աբովյան-Միկոպլազմայով պայմանավորված թոքաբորբերը նորություն չեն, դրանք միշտ էլ եղել են։ Հիմա այս պահի դրությամբ մենք գտնվում են սուր շնչառական վարակների սեզոնում, որի հիվանդացության աճը կարող է լինել ինչպես վիրուսային, այնպես էլ մանրէային թոքաբորբերով պայմանավորված։ ԱՀԿ-ն նոյեմբերի 22-ին հայտարարություն է տարածել, որ ընդհանուր սուր շնչառական վարակով պայմավորված հիվանդացությունն աճել է, ի սկզբանե հայտնել է, որ աճը պայմանավորված է միկոպլազմայով, RS վիրուսով, կորոնավիրուսով ու այլ վիրուսային վարակներով։ Ի դեպ, միկոպլազմայով հաճախելիության, հոսպիտալացման աճը նկատվել է այս տարվա մայիսից։
Այս պահին Հայաստանում ունենք գրիպ Բ, գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակ, RS վիրուս, այլ վիրուսային վարակներ ևս։ Որպես այդպիսին թոքաբորբերի իվանդացությունն էլ ենք դիտարկում։ Վերջին շաբաթվա ընթացքում ունենք թոքաբորբերով պայմանավորված մի փոքր աճ՝ տեսակարար կշիռն աճել է 4%-ով։ Կտրուկ աճեր չունենք։ ՍՇՎ-ով հիվանդացությունը նախորդ տարվա համեմատ 1.5 անգամ փոքր է, իսկ նախորդ շաբաթվա համեմատ 1.1 անգամ ավելացում ունենք։ Այսինքն, արտառոց, հիվանդացության կտրուկ աճեր չունենք։
Panorama.am-Ինչո՞վ է Mycoplasma-ն ավելի վտանգավոր, քան մյուս վարակները։
Ռոմելլա Աբովյան-Այն առաջին հերթին վտանգավոր է երեխաների համար, բայց սուր շնչառական վարակների, գրիպի դե պքում էլ առավել շատ խոցելի են երեխաները։ Ախտանշաններն առանձնապես չեն տարբերվում, սկսում է մարմնի ջերմությունից, ընդհանուր թուլություն, կարող է լինել հազ։ Եթե ժամանակին չդիմեն բժշկի, յուրաքանչյուր սուր շնչառական վարակ կարող է վերածվել բարդ շնչառական վարակի ու բերել երկրորդային թոքաբորբի։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին