Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին.Նիլակշի Սահա Սինհա
«Հնդկաստանն ու Հայաստանը դարեր ի վեր պատմական կապեր ունեն, իրանն էլ այն կամուրջներից է, որը նպաստել է այդ կապերի զարգացմանը»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ունեցած ելույթում ընդգծեց Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Միջոցառմանը մասնակցում են հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետները:
Դեսպանը հավելեց, որ երեք երկրների միջև դարավոր կապերը կնպաստեն ներկա սերնդին նոր որակով շարունակել համագործակցությունը և բարեկամական կապերը:
Իրանը և Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում և հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Նրա խոսքով՝ Ասիայի ուղղությամբ գլոբալ զարգացման շարժումը ստեղծում է ինքնատիպ նշանակալիություն տարածաշրջանային փոխկախյալության համար։
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Սահա Սինհան հայտարարեց «Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության շրջանակում, որը Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը կապում է Կասպից ծովի հետ՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, հասկանալու համար, թե ինչպես երկիրը կարող է օգտվել այս միջանցքի ընձեռած հնարավորություններից»։
Դեսպանը հիշեցրեց, որ Հնդկաստանի կառավարությունը տվել է Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը, որը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը։
Նա հայտարարեց, որ Հնդկաստանը ողջունում է Չաբահար նավահանգիստն օգտագործելու Հայաստանի ձգտումը։
Նշելով, որ Հայաստանը սկսել է Հյուսիս-Հարավ կապի շրջանակներում զարգացնել ճանապարհաշինությունը, որոնց հանդեպ հետաքրքրություն են դրսևորում նաև հնդկական շինարարական ընկերությունները, Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ասաց. «Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքի զարգացման ծրագրերին»։
Հարակից հրապարակումներ`
- Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը. Մեհդի Սոբհանի
- Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև. Մնացական Սաֆարյան
- Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վճռորոշ կարևորություն ունի. ՀՀ ԱԳ փոխնախարար