«Ժողովուրդ». Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Փաշինյանի աչքին բարձրանալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» և «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել:
Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն է, և որի ազատության համար փաստացի ոչինչ չի անում Նիկոլ Փաշինյանի թիմը: Եվ, ահա, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը վերջին անգամ անհիշելի ժամանակներից է ԱԺ-ում ելույթ ունեցել կամ որևէ նախագիծ հեղինակել, որոշել էր Ալավերդու համայնքապետարանում շոու բեմադրել և գոնե այնտեղ աչքի ընկնել:
Նա անընդհատ կռիվ էր հրահրում, անվայելուչ պահվածք էր դրսևորում և վիրավորական արտահայտություններ հնչեցնում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հասցեին: Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչև հիմա մեղավոր համարում են Արեն Մկրտչյանին:
Հիմա, փաստորեն, ընտրությունները տապալած Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ ու թիմակիցների մոտ նորից իր հանդեպ վստահություն ձևավորել՝ դառնալով մերօրյա Շմայս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում