Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանն ընտրվեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի և Նունե Հախվերդյանի թեկնածությունները։
Հասմիկ Հակոբյանը սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Բանասիրական գիտությունների թեկնածու է, գրքերի և բազմաթիվ հոդվածների, ակնարկների հեղինակ: Հասմիկ Հակոբյանը «Գրանիշ գրական համայնք» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է:
Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Նա լրագրող է, արվեստի քննադատ և մեդիավերլուծաբան:
Ազգային ժողովում այսօր ներկայացվեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները. Հասմիկ Հակոբյանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորից 69-ը. ձայները բաշխվել են՝ կողմ 68, դեմ՝ 1։
Նունե Հախվերդյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 1։