Արևմուտքի նոր խաղացողը՝ Փաշինյանին փոխարինող
Ռուսաստանի հետ հարաբերությունները պատմական մինիմումի վրա են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Դժվար է ասել, որ արդեն հատակն է։ Ռուսաստանը դեռևս կտրուկ գործողությունների չի անցնում, որը սովորաբար տեղավորվում է Ռուսաստանի զինանոցի մեջ։ Կարծում եմ ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա։ Տեսնում ենք՝ բոլոր դիվանագիտական գործիքակազմերը կողմներն օգտագործում են միմյանց դեմ՝ դեսպաններ են հրավիրում բողոքներ արտահայտելու համար, մամուլի խոսնակները ցանկացած բառապաշար օգտագործում են միմյանց նկատմամբ»,- ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ Ռուսաստանը սկսում է գործի դնել տնտեսական պատժամիջոցներ, խոսքը ՝ Լարսում առաջացած խնդիրների մասին է, երբ մեքենաներին պարզապես թույլ չեն տալիս առաջ շարժվել։
«Չգիտեմ,թե որքանով այս ամենը կխորանա, բայց հասկանալի է, որ ռուսների մոտ բավականին լայն գործիքակազմեր կան և ՛տնտեսական, և՛ դիվանագիտական, և ՛ ռազմաքաղաքական և այլ»,- ընդգծեց Հակոբյանն ու հավելեց․ «Մենք այսօր ունենք մի իշխանություն, որը վստահություն չունի ո՛չ արևմուտքում, ո՛չ հյուսիսում, ո՛չ արևելքում և կարողություններով այնքան է թուլացել, որ որևէ մեկն իր հետ երկարաժամկետ կտրվածքով խաղալու մտադրություն չունի։ Բոլորը հասկանում են, որ ավելի հեշտ է նոր խաղաղցողներ մտցնել դաշտ, քանի որ այս իշխանության գոյությունը պայմանավորված է ոչ թե արժանիքներով, այլև՝ Հայաստանում առկա ընդդիմության ակնհայտ թուլությամբ։ Կարծում եմ՝ նույն Արևմուտքը կփորձի իր շարասյունը հիմնել, որը կազմված կլինի պրոարևմտյան կուսակցություններով և մարդկանցով։ Չեմ բացառում, որ նշածս շարասյունը կգլխավորի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»։