Գերասիմը կարծես թաքնված մեղավորության զգացում ունենար, որ ինքը ողջ է մնացել, ընկերները` ոչ. Պատմում է մանկության ընկերուհին
31–ամյա Գերասիմը 44–օրյա պատերազմից հետո ասես մեղավորության զգացում ունենար, որ ինքը ողջ է մնացել, իսկ ընկերները` ոչ։
Մարդիկ կան, որ «մարդ պլյուս» են` լավ ընկեր են, լավ զինակից, լավ հրամանատար, հայր, ամուսին, որդի, ընկեր… «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այսպես է Նանե Ասատրյանը բնութագրում իր մանկության ընկերոջը` Գերասիմ Ավետիքի Առաքելյանին, որը դեկտեմբերի 4-ին զոհվեց ադրբեջանական դիպուկահարի կրակոցից։
«Ես այս պահին ինձ այնքան անպաշտպան եմ զգում, ու թվում է` մեր սահմանն այնքան փխրուն է, քանի որ ինքն ինձ համար մի տեսակ հպման կետ էր, ու գիտեի, որ նաև իրենով է հայրենիքս ամուր»,– ասում է Նանեն։
Նա հիշում է իր ընկերոջ հետ կապված յուրաքանչյուր դրվագ` ինչպես 8–րդ դասարանցի Գերասիմը եկավ Նանեի հիմնադրած «Էկոակումբ», որտեղ ծանոթացավ ապագա կնոջ` Տաթևի հետ, ինչպես կարողացավ հաղթահարել Տաթևի խստաբարո հոր արգելքներն ու հասնել իր երազանքի կնոջը, ապա ստեղծել իր լուսաշող ընտանիքը` լույս աշխարհ բերելով Արփինեին։
«Վերջին հինգ տարում նա կռվի, մահվան, կյանքի բոհերով էր անցնում ու արդեն պետք է վայելեր իր ընտանիքի բերկրանքը… Գերասիմն ինձ համար արդեն լույսի շող է։ Երբ հիմա նայում եմ Բարձրունու լեռներին, որտեղից բացվում է արևածագը, ինձ համար արևագալի լույսի շողը հենց ինքն է դարձել։ Բարձրունի գյուղի հատվածում են եղել այն դիրքերը, որտեղ Գերասիմը զոհվեց»,– պատմում է Նանեն։
31–ամյա Գերասիմը լեյտենանտ էր, մասնակցել է 44–օրյա պատերազմին, Ջերմուկի` սեպտեմբերյան ռազմական հայտնի գործողություններին, նրա զինակից ընկերների մի զգալի մասը զոհվեց 2020 թվականին։ Այսօր արդեն նրա հոգեհանգիստն է։
«2020 թվականից հետո նա ասես պարտքի զգացում ունենար զոհված ընկերների նկատմամբ` սահմանը թողնելու կամ աշխատանքը փոխելու իմաստով։ Կարծես թաքնված մեղավորության զգացում ունենար աչքերում, որ ինքը ողջ է մնացել, վերապրել է 44–օրյա պատերազմը, իսկ նրանք` ոչ։ Երևի իր ընտանիքի համար այդքան բան չէր անում, որքան զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Վերջին հինգ տարվա մեր գրագրությունը միայն այս կամ այն զոհվածի ընտանիքին օգնելու մասին է։ Այս ընթացքում, երբ օգնում էինք ընտանիքներին, զոհված զինծառայողների լուսանկարներն էի գրպանումս պահում…Հիմա արդեն Գերասիմի նկարն եմ պահում»,– ասում է Նանեն։
Այս տարի, երբ ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվեց Արցախից, Գերասիմը դիրքերում էր, զանգահարեց Նանեին ու ասաց, որ կարճ ժամանակով տուն է եկել ու իր 3 տարեկան դստեր հագուստներից կարողացել է առանձնացնել գեղեցիկ զգեստներ արցախցի երեխաների համար։ Նանեն վերջին անգամ այդ օրը` հոկտեմբերի 20–ին, տեսավ իր ընկերոջը։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայող Գերասիմ Առաքելյանը մահացել է ԲԿ տեղափոխվելու ճանապարհին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
- Տոյվո Կլաարն արձագանքել է հայ սպա Գերասիմ Առաքելյանի գնդակահարությանը
- Զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր, փոքր երեխա ուներ