Գիտեմ, թե վանաձորցիներն ինչքան «ուրախ» են, որ վարչապետի նշանակած պաշտոնակատարը հայհոյում է քաղաքացիներին. Կյուրեղյան
«Մի քանի օր առաջ Վանաձորի համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը նիստի ժամանակ ուղղակի, բացահայտորեն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում համայնքի այն բնակիչներին, ովքեր ներկա էին նիստին և համյանքի համար կարևոր հարցի քննարկման ժամանակ իրենց կարծիքն էին հայտնում»,-Խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Պատգամավորը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հիշեցրեց, որ նա ժամանակին հիմնավորել է, որ Վանաձորի ավագանում տեղի ունեցող գործընթաներում պետք է վարչապետը կրի պատասխանատվություն՝ իր նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարով և հարցրեց. «Գտնո՞ւմ եք դուք արդյոք, որ իր նշանակած ժամանակավոր պաշտոնակատարի վարքագծի համար պետք է, որևէ մեկը պատասխանատվություն կրի և՝ ինչպիսի՞ քաղաքական պատասխանատվություն»։
Գնել Սանոսյանը ասաց, որ համայնքներում կա ընտրական համակարգ և համայնքի ղեկիավար է ընտրվում, եթե ձայների համապատասխան քանակ հավաքում են։
«Լինում են դեպքեր, երբ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար չի ընտրվում և ահա այդպիսի դեպքերի համար կա կարգավորում, որպեսզի համայնքը չմնա առանց կառավարելու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում վարչապետը»,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դրանից հետո համայնքներում կլինեն նոր ընտրություններ։
Սանոսյանը հայտարարեց, թե Վանաձորի ավագանու նիստը չի տեսել, որպեսզի մեկնաբանի, թե այնտեղ ինչ են ասել։
«Բայց ուրախությամբ պետք է փաստել, որ Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում, ի ուրախություն բոլորիս և Վանաձոր համայնքի բնակիչների, համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը բավականին լավ աշխատում է, ավագանու նիստեր են տեղի ունենում, հաստատվում է քաղաքի բյուջեն, ծրագերր են տեղի ունենում»,- հայտարարեց ՏԿԵ նախարարը՝ ասելով, որ եթե Կյուրեղյանը գնա Վանաձոր, ապա կտեսնի, թե այնտեղ ինչ աշխատանքներ են կատարվում և ինչ ուրախ տրամադրություն ունի ժողովուրդը։
«Ի տխրություն ձեզ՝ ես վանաձորցի եմ և ամեն օր եմ այնտեղ լինում, գիտեմ թե վանաձորցիներն ինչքան ուրախ են, որ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել այդ անձին, թե ինչքան ուրախ են, որ իրենց կարծիքն արտահայտելու համար իրենք արժանանում են հայհոյանքի»,-հայտարարեց պատգամավորը և ներկայացրեց տարբեր կազմակերպությունների նամակն՝ ուղղված կառավարությանը, որտեղ դիտարկվել էր հայհոյանքի այդ միջադեպը։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանի դիտարկումը, թե դահլիճում դատարկ տեղ է եղել, թողնում եմ իր տրամաբանությանը. Գեղամ Մանուկյան
- Այս իշխանությունները հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են. Օհանյան