Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով
«Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, ընդ որում դա արվում է նախագահի հրամանով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հադրութի շրջանի գյուղերից մեկը հերթական այցի ժամանակ հրամայել էր ջնջել հայկական եկեղեցիների ու խաչքարերի արձանագրությունները։ Ավանեսովի խոսքով, այսօրվա պայմաններում միակ բանը, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կարող են անել՝ հնարավորինս շատ խոսել այդ ժառանգության մասին, հանրայացնել դրանք. «Ունենք հսկայական գրականություն, դրա վրա հենվելով՝ պետք է ամեն օր խոսենք մեր ժառանգության մասին, ոչ թե սպասենք արձանագրվի հերթական եկեղեցու, հուշարձանի ոչնչացումն ու նոր բարձրաձայնենք այդ մասին»։
Ըստ նրա, Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացմանը հակազդելու լավագույն մեխանիզմներից է նաև ցուցահանդեսների կազմակերպումն ու Արցախի ժառանգությանը պարբերաբար ներկայացնելը հանության լայն շերտերին։
Հովիկ Ավանեսովը նաև պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվել են սեպտեմբերի 27-ին։
«Այն ճանապարհը, որը սովորաբար անցնում էինք 4-5 ժամում, անցանք 40 ժամում։ Իսկ այն, ինչին ականատես եղա այդ ճանապարհին, 1915 թվականի գաղթի ճանապարհն էր, որը տեսել ենք բազմաթիվ լուսանկարներում։ Այն, ինչ տեղի ունեցավ, Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ցեղասպանության շարունակությունն է»,- նշեց ադրբեջանագետը։
Արցախից Հ.Ավանեսովն իր հետ քիչ բան է կարողացել բերել, բայց որպես հուշ չի մոռացել վերցնել Շուշիից գնած Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու փոքրիկ քանդակը։ Արցախից իր հետ բերել է նաև անպսառ հիշողություններ։
«Մենք պետք է երբեք չխոսենք Արցախի մասին անցյալով։ Ես որպես արցախցի, ինձ համար Արցախի էջը փակ չի։ Իմ մասնագիտական տիրույթում ամեն ինչ անում եմ, որ Արցախի թեման մշտապես մնա օրակարգում»,- ասաց Ավանեսովը։
Փորձագետի կարծիքով, իրավիճակը, որ կա այսօր, 30 տարիների թույլ տված սխալների, պատմությունից դասեր չքաղելու հետևանք է։
«Բացի այդ, ամենակարևորը՝ կեղծ խաղաղության օրակարգի հետևանք է։ Ցավով արձանագրենք, որ խաղաղության օրակարգ կոչեցյալը կործանարար հետևանքներ ունի։ Այդ օրակարգից չհրաժարվելը հանգեցնելու է մեր պետականության եթե ոչ ամբողջական, ապա մասնակի կորստին»,- ասաց Հ.Ավանեսովը։
Նա նաև հայտնեց, որ Կովկասագիտության կենտրոնը հասարակական հիմունքներով շարունակում է իր գործունեությունը Երևանում։ Ըստ Ավանեսովի, Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն իրեց գործունեությունը Հայաստանում, դա անհրաժեշտություն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
- Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
- Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
- Բռնի տեղահանության հետևանքով արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից. Արմինե Տիգրանյան
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
- Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
- Հայտ կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ ներառելով Հադրութի բարբառը, Արցախի ոչ մշակութային այլ ժառանգություններ. փոխնախարար
- Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է․ Միրզոյան
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org