Գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է. Նիկոլ Փաշինյան
«Անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով»,- Խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը հանդես գալով 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում։
Նա անդրադարձավ նաև ձգձգվող դատավարությունների խնդրին։
«Պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Մի բան ակնհայտ է՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են»
Ըստ Փաշինյանի՝ վերջին 5 տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, որպեսզի արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում հաստատվեն որպես անկյունաքարային ինստիտուտներ:
«Հետևաբար, գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ կոչ է անում կողմ քվեարկել 2024-ի պետբյուջեի նախագծին:
Անդրադառնալով ապօրինի հարստանալու խնդրին՝ Փաշինյանը հայտարարեց, թե 5 տարի իրականացրած բարեփոխումներից հետո ի վերջո տեսնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարաններում:
Նա հայտնեց, որ քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար և այդ նպատակով 2018 թվականից հետո դատավորի 60 նոր հաստիք է ավելացվել։
Հարակից հրապարակումներ`
- Մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը. Փաշինյան
- 186 մլրդը պահուստներում քնացնելն արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը չգիտի ինչպես ծախսել. Արթուր Խաչատրյան