Ադրբեջանցիների վերաբնակեցմամբ կարող ենք ունենալ Հայաստանի կիպրոսացում․ քաղտեխնոլոգ
«Ձեր նշած անձին (խմբ․-Ալեն Սիմոնյան) ես սովորաբար չեմ մեկնաբանում, քանի որ այդ անձնավորությունը ոչ իր կենսագրությամբ, ոչ իր գոյությամբ, ոչ էլ իր գործունեությամբ քաղաքական դասի ներկայացուցիչ չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե կգա մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի։
«Եթե խոսքն այն մասին է, որ «խաղաղության պայմանգրով» ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր և այս առումով նախապատրաստում են հանրությանը, ապա, որպես մանիպուլատիվ տեխնոլոգիա, հասկանալի է, սակայն խնդիրը նրանում է,թե ինչ կարգավիճակում են լինելու։ Մենք քսենոֆոբիայով չենք տառապում, բայց նրանք փորձում են ոչ թե ազգային փոքրամասնություն դառնալ, այլ իրենց խոսքով՝ ցանկանում են բնակչությանը վերադարձնել «Արևմտյան Ադրբեջան», ոչ թե՝ Հայաստան»,- ասաց Հակոբյանը։
Քաղաքական տեխնոլոգի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը բանակցային գործընթացում այլ խնդիր է բարձրաձայնում, հետևաբար՝ այլ նպատակներ ունեն։
«Տվյալ պարագայում ադրբեջանցիներն իրենց իշխանության ձեռքում զուտ գործիք են՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան դարձնելու համար»,-ընդգծեց նա։
Ըստ վերլուծաբանի՝ այս առումով ՀՀ ինքնիշխանությանն ուղիղ վտագներ են սպառնում։
«Ադրբեջանցիների վերադարձի հարցը նախկին բնակավայրեր վտանգավոր է նրանով, որ նախ և առաջ բավականին մեծ քանակ է Հայաստանի մասշտաբների համեմատ։ Հետո ՝ անվտանգային, դիվանագիտական և մյուս ասպետկներով թույլ երկրի պարագայում միշտ կարող է գտնվել պատրվակ առ այն, որ ադրբեջանցիներին պաշտպանելու կամ նրանց անվտանգությունը պաշտպանելու համար, իրենց զորքերը պետք է մտնեն և դուրս չգան։ Այս իրավիճակում մենք կարող ենք ստանալ Հայաստանի «կիպրոսացում», այն, ինչ եղավ 80-ականների սկզբին Կիպրոսում։ Սա շատ վտանգավոր է։ Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ շարունակվող գործընթացներում ամենակարևոր թեզերից մեկը ՝ ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման խնդիրն է։ Ադրբեջանի համար սա ստրատեգիական նշանակություն ունի»,-հավելեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքի նոր խաղացողը՝ Փաշինյանին փոխարինող
- Վերարտադրվելով Փաշինյանը ցանկանում է լուծել երկու խնդիր․ Վիգեն Հակոբյան