Ինչպես պահեստավորել և օգտագործել գոմաղբը.Կքննարկեն Փաշինյանը և նրա նախարարները
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում կընդունի Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշումը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայումս գյուղատնտեսության հետ կապված բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը և վարակազերծումն է։ Հաճախ գոմաղբը, թռչնաղբը չի տեղափոխվում հատուկ վայրեր, այլ հեռացվում է գյուղացիական տնտեսությունների անմիջական հարևանությամբ: Աստիճանաբար գոմաղբի հեռացման վայրերում հողը սկսում է օքսիդանալ և դառնում ոչ պիտանի գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ օգտագործման համար։
Ժամանակի ընթացքում ստորերկրյա ջրերը և մթնոլորտը ենթարկվում են աղտոտման, որի մեջ արտանետվում են ջերմոցային գազերի՝ մեթանի արտանետումները: Յուրաքանչյուր օր ցանկացած անասնապահական ֆերմայում կուտակվում է մեծ քանակությամբ կենդանական արտաթորանք՝ գոմաղբ, թռչնաղբ որը հիանալի պարարտանյութ է մշակաբույսերի համար։ Բայց առանց պահեստավորման և վերամշակման այն վնասակար է մի շարք պատճառներով՝ դրանք պարունակում են վնասակար բակտերիաներ, ճիճուների ձվեր (հելմինտներ), միջատների թրթուրներ և տարբեր մոլախոտերի սերմեր.
• Գոմաղբի, թռչնաղբի քայքայման ժամանակ առաջացած գազերը վնասում են բույսերի արմատներին.
• Գոմաղբի, թռչնաղբի շատ օրգանական տարրեր կապված վիճակում են և, հետևաբար, գրեթե չեն ներծծվում բույսերի կողմից.
• Դրանցում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները և ավելորդ ջերմության առաջացումը նույնպես անբարենպաստ է, որն էլ հղի է բույսերի հիվանդություններով, բերքատվության նվազմամբ և նույնիսկ ամբողջ բերքի ոչնչացմամբ:
Գոմաղբի, թռչնաղբի ոչ պատշաճ պահպանումը, վերամշակումը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի արդյունքում հողերը, ստորերկրյա ջրերը, օդը և մոտակա ջրային մարմինները աղտոտված և թունավորվում են նիտրատներով և մանրէներով։ Միաժամանակ գոմաղբի պահպանման պայմանների խախտումները կարող են նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը։
Գոմաղբը, թռչնաղբը միլիոնավոր տոննա ջերմոցային գազերի արտանետման աղբյուր է, այն աղտոտում է ջրային մարմինները, ստորերկրյա ջրերը և հողը, իսկ դրա պաթոգեն միկրոֆլորան վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում: Կենդանական թափոնները կուտակում են վտանգավոր բակտերիաներ, ամոնիակ, մեթան, ածխածնի օքսիդ, ծանր մետաղներ, ցիանիդ, նիտրատներ և այլն։
Բացի այդ, անասնաբուծական և թռչնաբուծական թափոնները պարունակում են նաև չմարսված հակաբիոտիկներ և դրանց արտանետումը շրջակա միջավայր նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետագա բարձրացմանը: Եվ սա այսօր մարդու առողջությանը սպառնացող հիմնական սպառնալիքներից մեկն է, հետևաբար առաջարկվող նախագծով առաջարկվում է սահմանել գոմաղբի պահպանման, տեղափոխման, վերամշակման և վարակազերծման պահանջները, ինչը ուղղված է մարդու կյանքի և առողջությանը, կենդանիների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Ջերմոցային գազերի կոնցենտրացիան հասել Է ռեկորդային բարձր մակարդակի
- Մագոմաևի համերգին Բաբաջանյանի անունը չհնչեցնելը համերգի կազմակերպիչների խղճին է մնում. ռուս գործիչ