Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին է. Վահան Թումասյանը ներկայացրել է չհրապարակված լուսանկարներ
35 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի՝ Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժը։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում։ Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին։ Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր հավաքածուից ֆեյսբուքյան էջում ներկայացրել է գրեթե չհրապարակված և բացառիկ լուսանկարներ՝ Լենինականի ավերակված բարձրահարկերից։