ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիի համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է աշխատանքը պարալիզացված է։ Այդ մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Համայնքապետարանի ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականների դիմումներ են ներկայացրել ու հեռացել աշխատավայրից այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։ Գյումրիում կայացած վերջին ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր, սակայն կնքված հուշագրով քաղաքապետի պաշտոնը բաժին էր հասել «Բալասանյան դաշինքին», իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ստացել էր երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։
Իշխանական շրջանակներից ասում են՝ ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաև Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Մինչ ՔՊ-ն ծրագրեր է կազմում Գյումրու քաղաքապետի աթոռն էլ վերցնելու համար, «Բալասանյան դաշինքից» վստահեցնում են՝ քաղաքապետը հրաժարական չի տալու։
«Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տալու, չկա նման բան»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան Դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։
Արդյո՞ք ՔՊ-ն ավագանու իր 11 մանդատով կհաջողի, եթե քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահության գործընթաց սկսի՝ ներգրավելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին, Հովհաննիսյանն ասաց՝ չգիտի, չի կարող ասել։
«Բալասանյան դաշինքի» խմբակցության ղեկավարը նշեց, որ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր», «Զարթոնք» և «Հանրապետություն» խմբակցություններին կոալիցիա կազմելու առաջարակ անելու որոշում այս պահին չունեն։
Գյումրու ավագանին ունի 33 մանդատ, քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ՔՊ-ն ունի 11 մանդատ, իսկ անհրաժեշտ է 17-ը։
Ի՞նչ տեղի կունենա դեկտեմբերի 13-ին հրավիրված ավագանու նիստին, դեռևս պարզ չէ։ Հովհաննիսյանը միայն ասաց՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց չկա։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն փորձելու է կա՛մ Ալավերդու «օպերացիան» իրականացնել՝ տարբեր մեթոդներով համոզելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին միանալ քաղաքապետին «գահընկեց» անելու գործընթացին, կա՛մ կալանավորելու սպառնալիքի ներքո ստիպել Սամսոնյանին հրաժարական տալ, ինչպես օրինակ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դեպքում»,-ասվում է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվն ավարտվել է սպանությամբ
- Գյումրու համայնքապետը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն
- Գյումրու համայնքի ղեկավարի ընտրությունը՝ երկուշաբթի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան