«Հավերժի վավերագրություն․ Արցախ»-ը՝ Panorama.am-ի լուսանկարչի ֆոտոխցիկում. նա մրցանակի է արժանացել
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում տեղ են գտել համանուն մրցույթի մասնակիցների կողմից ուղարկված 50-ից ավելի լուսանկարներ, որոնք ներկայացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը։
Մրցույթը հայտարարել էր Հայաստանի պատմության թանգարանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում։
Արամ և Արա Վրույրների շնորհիվ պահպանվել և մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։ Իսկ «Հավերժի վավերագրություն․ Արցախ» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն ևս մեկ անգամ ներկայացնել Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը՝ այցելուների ուշադրությունը սևեռելով դրա պահպանության հրատապության վրա, որոնք վերացման վտանգի առաջ են հայտնվել 2020 թ. 44-օրյա պատերազմից և 2023 թ. սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման ցուցահանդես կազմակերպելը ծրագրված չէր, մրցույթի ընթացքում է առաջացել նման գաղափար։
«Ցուցադրություն կազմակերպելու գաղափարն առաջացավ՝ ելնելով այն իրավիճակից, որ, ցավոք ունեցանք՝ Արցախի բռնազավթում, էթնիկ զտում։ Կարծես ինչ որ առումով պատմական նմանություններ առաջացան այն իրավիճակի հետ, երբ Վրույրներն էին աշխատում»,-ասաց Դ. Պողոսյանը:
Լուսանկարները պատմում են վտանգի տակ հայտնված հայկական մշակութային ժառանգության մասին:
«Ժառանգություն, որը, հուսով եմ, կպահպանվի, չի արժանանա այն հուշարձանների ճակատագրին, որոնք, ցավոք, հիմա միայն ունենք Վրույրների լուսանկարների շնորհիվ»,- ասաց Դ.Պողոսյանը:
Մրցանակներ շնորհվեցին «Լավագույն գեղարվեստական լուսանկարչություն» ու «Լավագույն վավերագրական լուսանկարչություն» անվանակարգերում։ Մրցանակակիրների թվում ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված լուսանկարիչների աշխատանքներ են։
Հատուկ մրցանակի արժանացավ Արցախից Մարիա Մինասյանը։ Նա լուսանկարել էր Ստեփան Շահումյանի արձանը։ Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանն ասաց, որ ինքը ներկայացված լուսանկարների մեջ փնտրում էր վավերագրություն ու տեսավ Շահումյանի արձանը։
«Ցավոք, հենց այդ օրերին Արցախում Ստեփան Շահումյանի արձանը վանդալիզմի էր ենթարկվել»,- ասաց նա։
«Լավագույն գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգերում մրցանակի արժանացավ նաև Panorama.am լրատվական կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը։ Նա ներկայացրել է «Մենք ենք մեր սարերը» լուսանկարը։
«Ընկերուհիներով սովորություն ունեինք տարվա մեջ պարտադիր մի քանի օր անցկացնել Արցախում։ Եթե նույնիսկ տարբեր երկրներ էինք գնում, օգոստոսի վերջին օրերին պետք է անպայման լինեինք Արցախում։ Ես էլ լինելով լուսանկարիչ՝ լուսանկարչական ապարատս ամենուր հետս է։ Գնացել էինք Տատիկ-պապիկ հուշարձանի մոտ։ Հանկարծ պտտվեցի ու տեսա՝ արև, երիտասարդները բարձրանում էին դեպի հուշարձան։ Շատ խորհրդանշական ու գեղեցիկ պահ էր։ Նկարեցի։ Հիմա, որ նայում եմ՝ երիտասարդներ, արև, կարծես հույս է արթնանում, որ մենք էլի մի օր այնտեղ ենք լինելու ու էլի հանգստանալու ենք, էլի լուսանկարելու եմ Արցախը՝ իր անկրկնելի բնությամբ ու հուշարձաններով»,- ասաց Լիլիան Գալստյանը։
Նա խոստովանեց՝ չի պատկերացրել, որ մի օր կմասնակցի նման ցուցահանդեսի, որտեղ ցավ է զգում, ցավ, քանի որ լուսանկարներում ներկայացված հուշարձաններն այլևս չի կարող լուսանկարել։ Թերևս... որոշ ժամանակ։
«Շատ եմ ուզում, որ մարդիկ շատ լսեն Արցախի մասին, շատ խոսեն Արցախի մասին, Արցախի մասին լինեն շատ նյութեր ու լուսանկարներ։ Հենց դրա համար էլ մասնակցեցի»,- ասաց Լիլիան Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան