«Անմահների դիրքը»՝ Ստեփանակերտից «տեղափոխվել է» Երևան
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվելուց հետո երևանյան բեմում առաջին անգամ է խաղալու։ Երևանի դրամատիկական թատրոնում այսօր կկայանա «Անմահների դիրքը» ներկայացման երևանյան պրեմիերան։ Ներկայացումը նվիրվում է բոլոր ժամանակներում հայ ազգի համար իրենց կյանքը նվիրած բոլոր հայորդիներին:
«Անմահների Դիրքը» ներկայացնում է՝
«Մի դիրքի պատմություն, որը չեն զիջում
Մի դիրքի պատմություն, որ արյունով են պահում,
Մի դիրքի պատմություն, որ հայրենիք է կոչվում»։
«Մեր դիրքը ուղղակի դիրք չէ, ամբողջական հայրենիքի մտածելակերպ է։ Մեր դիրքը և դիրք է, և մեր Եռաբլուրն է, և մեր սրբությունները»,- ասել է բեմադրիչ ռեժիսոր Վահան Խաչատրյանը։
Էդվարդ Զորիկյանի պիեսի հիման վրա Վահան Խաչատրյանի բեմադրած «Անմահների դիրքը» ներկայացման առաջնախաղը կայացել էր 2022 թվականի նոյեմբերի 4-ին Ստեփանակերտի դրամատիկական թատրանում։
«Ներկայացումը մեր խղճի պատմությունն է, մեր հոգու պատմությունը: Փորձերի ժամանակ շատ են եղել «լռության րոպեներ»: Հաճախ էինք ինքներս մեզ հարցնում՝ արդյո՞ք մենք արժանի ենք Նրանց մասին խոսելու»,- «Արցախպրեսի» հաղորդմամբ, Ստեփանակերտում առաջնախաղի ժամանակ ասել էր բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիա Սարգսյանը մարմնավորել է լրագրողի կերպարը, ով եկել էր դիրքերը նկարահանելու, երբ սկսվեց պատերազմն ու հայտնվում է շրջափակման մեջ: Նրա կերպարը ներկայացման բանալին է, որի միջոցով բացվում են մյուս բոլոր հերոսների պատմությունների շերտերը:
ԼՂՀ Ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանի մարմնավորած հերոսն Արցախի գյուղերից մեկի բնակիչ է, ով մասնակցել է առաջին պատերազմին, սակայն նրա երկու զավակները զոհվել են հրադադարի օրոք դիպուկահարի կրակոցից հենց այն դիրքում, որն այժմ ինքն է պաշտպանում:
Լուսանկարները՝ Ստեփանակերտի պրեմիերայից։