Բաբկեն Պիպոյան. ՍԱՏՄ-ն պետք է հասկանա, որ դատարկ խոսքեր ասելով խնդիրները չեն լուծվում
Մոսկվայում Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։
Հանդիպման մասին նախ հաղորդագրություն տարածեց Ռոսսելխոզնադզորը, ապա՝ ՍԱՏՄ-ն։ Դրանց ազդակների, շեշտադրումների ու եղած տարբերությունների մասին Panorama.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։
«Ռոսսելխոզնադզորի կողմից հաղորդագրության հրապարակումից հետո մի քանի գործընկերներից հեռախոսազանգեր եմ ստացել, որոնք նշում էին, Ռոսսելխոզնադզորի հայտարարությունը գրեթե կրկնում էր Ձեզ տված հարցազրույցը, որտեղ առանց պնդումներ անելու նշել էի, չունենք տեղեկություն, թե ինչպես է ռուսական կողմը հայկական կողմին ծանուցել խախտումների մասին և ինչ է ակնկալել, հայկական կողմը չի խոսում այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մինչ այդ հայտնաբերած խախտումների մասին։ Այսօր ռուսական կողմի հայտարարությունն այն մասին է, որ հայկական կողմն ընդունել է ներկայացված բոլոր մեղադրանքները»,-ասաց ՀԿ նախագահը։
Ինչ վերաբերում է ՍԱՏՄ հայտարարությանը, ապա Բաբկեն Պիպոյանը նկատեց՝ այստեղ խախտումների վերացման ուղղությամբ աշխատանքների կատարման վերաբերյալ ժամանակաձևերի տարբերություն կա։
«ՍԱՏՄ հաղորդագրության մեջ նշվում է, որ խախտումների վերացման ուղղությամբ ամեն ինչ արվում է, մինչդեռ ռուսական կողմի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն ինչ արվելու է։ Փոխարեն անկեղծ ասեն՝ խոստացել ենք, որ հետայսու կանենք, ասում են՝ հայտարարել ենք, որ ամեն ինչ անում ենք։ Չեք արել չէ՞, որ մենք բախվել ենք այս խնդրին։ Ի դեպ, փորձ է արվում թեման կապել քաղաքական պատճառների հետ, ես միշտ ասել եմ, որ անպայման քաղաքական նոտաներ կան, բայց դա հիմնական ակորդը չէ, խնդիրն ավելի շատ մասնագիտական դաշտում է», -ասաց Պիպոյանը։
Նա հորդորում է համեմատել այսօր ռուսական կողմի հայտարարությունն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումը. «Կտեսնեք, որ միմյանց հետ որևէ աղերս չունեն»։
«Լիազոր մարմինը՝ ի դեմս ՍԱՏՄ-ի պետք է հասկանա, որ դատարկ խոսքեր ասելով խնդիրները չեն լուծվում, արդյունք ապահովելու համար հարկավոր է հետևողական աշխատանք, և պետք չէ սպասել բախվել պրոբլեմին, հետո մտածել՝ վայ, կարելի է գործ անել։ Հիմա հերթական անգամ տեսնում ենք, ունենք պրոբլեմ, հետո որոշում ենք, որ սկսելու ենք լավ աշխատել։ Իսկ ո՞վ էր ձեր ձեռքը բռնել կամ խանգարում՝ արտահանվող ապրանքների նկատմամբ լինեիք ավելի ուշադիր ու չունենայինք այս պրոբլեմը»,-ասաց Պիպոյանը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկել Սերգեյ Դանկվերտն ու Արմեն Հայրապետյանը՝ ըստ ՍԱՏՄ-ի
- ՍԱՏՄ ղեկավարը Մոսկվայում ընդունել է ռուսական կողմի մեղադրանքները ու խոստումներ տվել
- ՍԱՏՄ հայտարարությունը կիսահղի լինելու մասին է․ Բաբկեն Պիպոյան
- Գ. Գրիգորյանը բացատրում է, թե ինչպես բացվեցին Ռոսսելխոզնադզորի աչքերը
- ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան