«Ժողովուրդ». Ի՞նչ է ընկած ՔՊ-ականների անբարեհաճ վերաբերմունքի հիմքում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են:
Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական մարտաֆիլմի էր վերածել, ամբողջ թիմով հարձակում էին գործել Հայկուհի Հարությունյանի վրա, մեկը մյուսին հերթ չտալով՝ սուր ու հարձակողական, թիրախավորված հարցեր էին ուղղում նրան: Ինչպես մեզ փոխանցեցին, ԱԺ նիստից դուրս ևս ՔՊ-ականները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. նրան թողել էին միջանցքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները երկուշաբթի օրը նիստ են արել և թեժ քննարկում ունեցել Հայկուհի Հարությունյանի մասով. իշխանականները բուռն քննարկումներից հետո որոշել են այսօր դեմ քվեարկել նրա թեկնածությանը:
Իսկ ի՞նչ է ընկած ՔՊ-ականների այս անբարեհաճ վերաբերմունքի հիմքում. մեզ հաջողվեց պարզել, որ իշխանականները համարում են, թե Հայկուհի Հարությունյանն իրենց վերահսկողությունից դուրս է: Նախ՝ ՔՊ-ականներին բարկացրել է Հայկուհի Հարությունյանի այն բացահայտումը, որ հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության և շահերի բախման մասերով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել:
Բացի այս, ՔՊ-ականները վրդովվել են նաև նրանից, որ վերջերս մամուլում Հայկուհի Հարությունյանի հետ թեժ քննարկումից մանրամասներ են հայտնվել, ինչպես նաև ԵՄ-Հայաստան քաղհասարակություն պլատֆորմը կոշտ հայտարարություն էր տարածել: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ականները որոշել են «պատժել» Հայկուհի Հարությունյանին: Թերևս այս ամենը հիշեցնում է 2021թ.-ի իրադարձությունները, երբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը եկել էր ԱԺ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը. այդ ժամանակ էլ նույն ոգևորությամբ իշխող մեծամասնությունը հարձակվել էր Վարդազարյանի վրա, և, ի վերջո, գաղտնի ձայնագրությունները գործի դնելով՝ նրան հեռացրին սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնից: ՀՀ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը թերևս միակ անկախ պաշտոնյան էր, որը դեռ պաշտոնավարում էր. ՔՊ-ն նաև նրանից կազատվի վերջնականապես:
Նկատենք, որ երեկ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ ագրեսիվ-հարձակողական էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սա էլ, թերևս, իր պատճառն ուներ. ԱԺ նախագահը ցանկանում է իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին դարձնել ԿԿ հանձնաժողովի նախագահ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան