Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես և մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։
Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված ծանր կացությունից։
Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Կանադայի իշխանությունների կողմից հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին՝ նկատելով, որ Կանադայի հայ համայնքը կարևոր կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման համար:
Նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները, խոսելով Հայաստանում իր առաքելության և հայ-կանադական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարների մասին, պատրաստակամություն հայտնեց ամեն ջանք ներդնելու՝ ի նպաստ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, բռնի տեղահանված արցախահայության զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատման։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան