ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է կարգավորել զենքի շրջանառությունը
ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Նրա տեղեկացմամբ, փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունների կարգավորումն է` ուղղված քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական իրացմանը` պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով: ԱԺ կայքի հաղորդմամբ, փաթեթը միտված է նաև սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը:
Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն և ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի և հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանության և անօրինական զենքի քանակի նվազեցմանն ու ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրսբերմանը:
Վիլեն Գաբրիելյանը հայտնել է, որ կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ և առարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: Դրական էր նաև Կառավարության կարծիքը: Այն ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում նշել է, որ ոլորտում իրականացվող քայլերը նպատակ ունեն կարգավորել դաշտը: Ըստ ԱԺ փոխնախագահի, փաթեթի ընդունմամբ համապարփակ լուծում կտրվի առկա բոլոր մարտահրավերներին: Հակոբ Արշակյանը մասնավոր ներդրողներին կոչ է արել Հայաստանում հիմնել քաղաքացիական հրաձգարաններ, որոնք կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան` պրոֆեսիոնալ մակարդակի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան