Հակոբ Պարոնյանի կողմից հայկականացված «Կարմիր Վարդուկը» հեքիաթում Կարմիր գլխարկին ոչ ոք չի փրկում
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է հայ մեծ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի ծննդյան 180-ամյակին նվիրված գրքային ցուցահանդես։ Panorama.аm-ի հետ զրույցում ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանն ասաց, որ տարիների հեռավորությունից այս գրողը շատ կենսունակ է, արդիական է, նրա ստեղծած կերպարները, հերոսները, տիպերն ապրում են բոլոր ժամանակներում, թեմաներն արդիական են։ Համաշխարհային մամուլը, հայտնի գրականագետները նրա գործերի բեմադրություններից հետո արձագանքել են՝ Պարոնյանը միայն հայ ժողովրդինը չէ, ամբողջ աշխարհինն է։
Թեև Հակոբ Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով հրատարակված է, բայց, գրականագետի խոսքով, շատ բաներ մնացել են մամուլի էջերում։
«Այս 10 հատորից դուրս է մնացել մանկագրությունը։ Դա շատ կարևոր է։ Հայտնի բեսթսելլեր՝ Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» գրքից շատ առաջ Հակոբ Պարոնյանը «Թատրոն. բարեկամ մանկանց» պարբերականում տպագրել էր «Գիգեսի մատանին»։
Նա մշակել է Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթը։ Դա ևս պատրաստվում ենք հրատարակել։ Այն հայկականացված է, կոչվում է «Կարմիր Վարդուկը»։ Վարդուկը տանում է տատիկին ոչ թե կարկանդակ, այլ խավիծ։ Կարմիր գլխարկի մայրը շատ անհանգստացած է մեծ մամի՝ տատիկի առողջությամբ։ Կարմիր գլխարկին, երբ գայլը ուտում է, ոչ ոք չի փրկում, իսկ հայտնի տարբերակներում նրան հանում են գայլի փորից։
Պարոնյանը վերջում ասում է՝ գիտեք երեխաներ, գայլը կերավ Կարմիր գլխարկին, աղջիկներ՝ չի կարելի փողոցում անծանոթ մարդկանց հետ խոսել»,- ասաց Ա.Մակարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան