Պետությունը կնոջը զրկել է մայրության նպաստից, ՄԻՊ-ն ամիսներ շարունակ հարցին լուծում չի տալիս
Երեխան արդեն հինգ ամսական է, բայց ծնողը մայրության նպաստ չի ստացել
Երեխան արդեն հինգ ամսական է, սակայն պետությունը ծնողին դեռ չի վճարել հասանելիք մայրության նպաստը։ Panoarama.am-ի խմբագրություն դիմած կինը պատմում է՝ պետական մարմինների դռները սկսել է ծեծել, էլեկտրոնային փոստերին նամակներ ուղարկել մինչև երեխայի ծնվելը։ Այսօր էլ նամակները դեռ ուղարկում է, դռները ծեծում է, բայց որևէ պետական մարմին չի կարողանում կամ չի ուզում խնդրին լուծում տալ։
«Փաստացի ոտնահարված է իմ իրավունքը։ Պետության կողմից նախատեսված մայրության նպաստը ես չեմ կարողանում ստանալ ոչ իմ մեղքով»,-Panorama.am-ին պատմում է կինը։
Պետական մարմինները՝ վարչապետի աշխատակազմ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԿԳՄՍ նախարարություն, ՊԵԿ և այլն խոսքները մեկ արած մերժումներով են պատասխանում նրա նամակներին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ խնդրի մասին դիմումը ստանալուց ամիսներ անց քաղաքացու մատից փուշը չի հանել։
Ամեն ինչ սկսվեց այս տարվա մայիսից, երբ կինը մայրության նպաստ ստանալու համար դիմում ներկայացրեց։ Միասնական սոցիալական ծառայութունից մերժեցին. «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ուսումնսիրության արդյունքում պարզվել է, որ շահառուն ունի «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք՝ որպես աշխատող անձ։ Հիմք ընդունելով վերագրյալը՝ հայտնում եմ, որ նպաստ նշանակելու վերաբերյալ հայցադիմումը մերժվում է՝ նպաստի այլ իրավունք ունենալու հիմքով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է դիմել գործատուին մայրության նպաստ ստանալու համար»։
Ի՞նչ է ասում օրենքը
Օրենքը սահմանում է, որ մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:
Գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը 140 օր է, որը ներառում է 70 օր հղիության, 70 օր՝ հետծննդաբերական ժամանակահատվածից: Այս դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից:
Չաշխատող անձին մայրության նպաստը նշանակվում է բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Նպաստը, որը կազմում է 156, 600 դրամ, նշանակվում է, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիր, ՀԾՀ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացվում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օր) ընթացքում: Այդ ժամանակահատվածից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվում։
Գործատուի՝ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա
Խմբագրությանը դիմած կինը պահպանել է բոլոր սահմանված ժամկետները, ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, բայց...
Քաղաքացին համարվում է գրանցված աշխատող Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Իսկ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա. ոչ լուծարվել է, ոչ գործում է։
«Դատական քաշքշուկների հետևանքով մինչ օրս չի լուծվել նաև իմ աշխատավարձի վճարման հարցը։ Ինչպես ասացի, չեմ կարողացել օրենքով սահմանված համապատասխան ժամկետում ստանալ մայրության նպաստ։ Ստացվում է, որ մի դեպքում ես զրկված եմ սոցիալական ծառայությունից նպաստ ստանալու իմ իրավունքից, քանի որ համարվում եմ գրանցված աշխատող, իսկ մյուս դեպքում ՀԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնից չեմ կարողանում ստանալ իմ աշխատավարձը, ինչպես նաև՝ պետությունից մայրության նպաստը»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնում է քաղաքացին։
Նա դիմում-նամակ է ուղարկել Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոն, սակայն նամակը վերադարձվել է։ Դիմում նամակ է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, քանի որ Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնը գտնվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ։
«Եթե թատրոնը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, ինչու՞ նախարարությունը 2018 թվականից ոչինչ չի ձեռնարկել, օրինակ լուծարել, փակել, պատասխանատվության ենթարկել գործառույթները չկատարելու համար, կարգավորել թատրոնի բնականոն աշխատանքային ընթացքը, թատրոնի և թատրոնի անձնակազմի ճակատագիրը հստակեցնելու համար»,-նշում է կինը։
Հաջորդաբար նա դիմում նամակներ է հղել ՊԵԿ նախագահին՝ ստանալու տեղեկատվություն, թե ո՞վ է հանդիսանում Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնի ներկայիս ղեկավարը։
«Ստացել եմ պատասխան, որտեղ նշված է, որ թատրոնի տնօրեն է հանդիսանում Լիլիթ Փալանջյանը։ Հեռախոսազանգով կապ եմ հաստատել Լիլիթ Փալանջյանի հետ, ով պարզվում է՝ 2023 թվականի մարտի 22-ից ազատված է զբաղեցրած պաշտոնից և ունի ազատման հրամանը։ Հայտնվել եմ փակ շրջապտույտի մեջ»,-ասում է կինը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, նման խնդրի առաջին անգամ են հանդիպում։
«Միասնական սոցիալական ծառայությունից քաղաքացու հետ խոսել են։ Նախադեպը չունեցող իրավիճակի ենք հանդիպել, գուցե էլի կան նման խնդրի հանդիպած քաղաքացիներ, բայց մեր տիրույթում առաջին անգամ է հայտնվում։ Ծառայությունից առաջարկել են քաղաքացուն գրություն ուղարկել, որպեսզի հիմք ունենանք դիտարկելու խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ»,-ասաց Զառա Մանուչարյանը։
Սեպտեմբերի 12-ին քաղաքացին դիմել է ՄԻՊ գրասենյակ։ Հոկտեմբերի 10-ին ՄԻՊ գրասենյակից նրան հայտնել են, որ բողոքն ընդունել են քննարկման և դրա ուսումնասիրումը հանձնարարել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ատորաբաժանման մասնագետ Անի Մնացակայանին։
Խնդրի լուծման ընթացքի, այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մնացականյանը Panorama.am-ին հայտնեց, որ առանց քաղաքացու գրավոր համաձայնության չեն կարող տրամադրել տեղեկություն։
Նա քաղաքացուն հայտնել է, որ դեկտեմբերի 8-ի դրությամբ՝ այսինքն երկու ամսվա ընթացքում մեկ հարցում է ուղարկբել ԿԳՄՍ նախարարություն, ստացել են պատասխան։ Պատրաստվում են նամակ գրել նաև Աշխատանքի տեսչական մարմնին։ Կարելի է ենթադրել՝ այս տեմպով հաջորդ նամակը տեսչական մարմին կհասնի 2 ամիս անց, երբ երեխան արդեն յոթ ամսական կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան