Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում առիթ է ևս մեկ անգամ «օրինականացնելու» Արցախում «ադրբեջանական իշխանությունը». Գեղամյան
Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ (դրանք նախատեսված էին 2025 թվականին)։ Ըստ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի, այս հանգամանքը շատերի համար անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը և մեզ դրանից «ի՞նչ»։
«Միանգամից նշեմ, որ պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսին են։ Դրանք ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստ և շատ փոխկապակցված են.
◾️Ալիևը պետք է հասցնի կապիտալիզացնել Արցախում տարած հաղթանակը, քանի դեռ այն շատ թարմ է հանրային հիշողության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները որևէ կերպ չեն լուծվել (ինչը խոստանում էին իշխանությունները ավելի քան 30 տարի՝ «Ղարաբաղի հարցի լուծմամբ»), հետևաբար հնարավորինս խուսափելու համար հասարակական դիմադրությունից և լարվածությունից (որը միշտ ուղեկցում է ցանկացած ընտրություն, նույնիսկ՝ ամենաբռնապետական երկրում), Ալիևի համար նոր ընտրությունները և դրանցում անխուսափելի հաղթանակը կերաշխավորեն ևս 7 տարվա գրեթե անցնցում իշխանություն։ Այս ընտրություններում, Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն, իսկ ընդդիմադիրների հարցերը լուծված են և լուծվում են։
◾️Արտահերթ ընտրությունները առիթ են հնարավորինս շուտ դրանք անցկացնել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ այդպիսով ևս մեկ անգամ «օրինականացնելով» Արցախում «ադրբեջանական իշխանությունը»։ Դա թույլ կտա ասել, որ գրավված Արցախի բնակչությունը ընտրել է նոր իշխանություն ի դեմս Ալիևի։ Ինչպես ասում են՝ հաճելի բոնուս։
◾️Ընտրություններից հետո Ալիևը, վերընտրվելով, ստանում է հնարավորություն ամուր դիրքերից, լեգիտիմությամբ և անշտապ կերպով զբաղվել իրենից հետո իշխանության փոխանցման գործընթացով (մոտավորապես նույնը անում է այժմ Էրդողանը վերջին ընտրություններից հետո)։ Բացի այդ, դա հնարավորություն է տալու Ալիևին առանց ավելորդ լարվածության, «ժողովրդի մանդատով» պատրաստվել նոր պատերազմին Հայաստանի (կարդա՝ նաև Իրանի) դեմ։ Նշեմ, որ այդ նախապատրաստությունը լիարժեք ընթացքի մեջ է։
◾️Ուկրաինայում կարծես թե իրավիճակը գնում է անխուսափելի սառեցման կամ նույնիսկ լիարժեք ավարտի։ Սակայն չի ավարտվում դրանում մասնակից տարբեր բևեռների միջև պայքարը։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին բախման գլխավոր թատերաբեմը կլինենք մենք՝ Հարավային Կովկասը՝ դրանից բխող արտաքին միջամտությունների ծավալի մեծացմամբ։ Այս պայմաններում Ալիևի համար կարևոր է հնարավորինս արագ ամրացնել իր դիրքերը նոր ընտրություններով, ինչը կսահմանափակի նաև արտաքին խաղացողների (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը ընտրություններին՝ սեփական շահերի համար։
◾️2024-ին նոր ընտրություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում (մարտ) և ԱՄՆ-ում (նոյեմբեր)։ Դրանք կարևոր են Հվ. Կովկասի համար ևս։ Ուստի Ալիևի համար պետք է նախապես լուծել սեփական հարցերը, որպեսզի լիարժեք հնարավոր լինի պատրաստվել բոլոր տեսակի զարգացումներին և աշխատել երկու երկրների էլիտաների հետ՝ պրոադրբեջանական քաղաքականություն ստանալու համար։
Մի խոսքով, մյուս՝ 2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։
Իսկ մենք...»,- գրել է Վ.Գեղամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան