Ազդարարները «գործ տվողներ» չեն. Կարեն Զադոյան
Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի է ունեցել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմից հետո իր կողմից բնորոշում է տրվել, որ կոռուպցիան ստացել է արյան տեսք, իսկ դրանից հետո սկսվել են հակակոռուպցիոն գործնական բարեփոխումները։
Խոսելով ազդարարման համակարգի մասին՝ նա նշել է, որ ազդարարման համակարգը լավն է, սակայն ՀՀ դատախազության կողմից գործարկվող www.azdararir.am ազդարարման միասնական հարթակի արդյունավետությունը ցածր է։ Նրա խոսքով՝ պետք է փոխվեն ազդարարման համակարգի և ազդարարողների վերաբերյալ հանրային ընկալումները։ Դեռևս խորհրդային տարիներից հասարակությունում խորացած կարծրատիպերն են խանգարում ազդարարման համակարգի զարգացմանը։
«Մեր հիմնական ուղերձն է, որ ազդարարները «գործ տվողներ» չեն։ Նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ, իրենց երկիրը սիրող քաղաքացիներն են։ Այս կերպարը պետք է հանրության շրջանում ներկայացնել։ Ընկալումները պետք է փոխվեն նաև պետական պաշտոնատար անձանց մոտ։ Ազդարարները պետք է գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը։ Նրանց պետք է ջատագովել, խրախուսել՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարելու համար»,-նշել է Կարեն Զադոյանը։
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը նշել է, որ Կառավարության անկյունաքարային ուղղությունների մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, դրա նկատմամբ հասարակության շրջանում զրո հանդուրժողականության գաղափարի ձևավորումը և արմատավորումը։
«Հասարակության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում չպետք է լինի միայն գաղափարական։ Կառավարությունն ակնկալում է, որ հասարակությունը պետք է դրսևորի պրոակտիվ մոտեցում այս գործընթացին և այդ մեխանիզմներից մեկը հանդիսանում է հանրային ազդարարման համակարգը, որը ժամանակակից ժողովրդավարական պետություններում վաղուց արդեն ապացուցել է իր կարևորությունը»,-նշել է նա։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը նշել է, որ միջոցառումը ճիշտ ժամանակին է անցկացվում, քանի որ դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի օրն է և նման արշավները շատ կարևոր են։
«Ես կուզեի ընդգծել Հայաստանի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում։ Դա արտացոլվել է բազմաթիվ ցուցանիշներում։ Ուզում եմ ողջունել Հայաստանի կառավարության նվիրվածությունը այդ նպատակին և այն քայլերը, որոնք իրականացվել են ԳՐԵԿՈ-ի խորհրդատվությունների արդյունքում»,-նշել է Յան Պլեշինգերը՝ նշելով, որ ինքը հետխորհրդային Չեխոսլովակիայում է ծնվել և իր երկրի փորձը նման է Հայաստանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան