«Ժողովուրդ». «Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության հիմնադիր և միակ սեփականատեր Թորոս Ումրիկյանի մահից հետո նրա ժառանգության և «Հաղթանակ» զբոսայգու շահագործման հետ կապված լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզեցինք, որ Թորոս Ումրիկյանը մահացել է դեռևս 2021 թվականին, որից հետո նրա ավագ որդին՝ Հակոբ Ումրիկյանը, դատարաններ ներկայացրած հայցերով փորձում է իր եղբորն ու քրոջը զրկել ժառանգության իրավունքից, որպեսզի միայնակ տիրանա ամբողջ ժառանգությանը։
Ուսումնասիրելով նրա կողմից դատարաններ ներկայացված հայցերը և դրանց ճակատագրերը՝ ակնհայտ աչք ծակեց այն հանգամանքը, որ նրա հայցերը և բողոքները հիմնականում լուծվում նրա օգտին։ Ընդ որում, ոչ միայն ժառանգության հետ կապված, այլ նաև բազմաթիվ այլ հարցերում։ Օրինակ՝ «Էվոկաբանկ»-ի հետ վեճը ևս լուծվել է նրա օգտին, որի արդյունքում, նա ազատվել է «Էվոկաբանկ»-ին 250.000 ԱՄՆ դոլար վարկը վճարելու պարտավորությունից, ինչը բավականին հետաքրքիր երևույթ է։ Ժառանգության հետ կապված հարցերում վիճակն էլ ավելի հետաքրքիր է։
Հակոբ Ումրիկյանը փորձել է ձևական պատճառաբանություններով հասնել նրան, որ դատարանը եղբոր ու քրոջ հայրության ճանաչման վկայականներն անվավեր ճանաչի, ինչը սկզբում չի հաջողվել, քանի որ վարչական դատարանը մերժել է նրա հայցերը, սակայն «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ոչ միայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է այդ որոշման դեմ նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը, այլև Հակոբ Ումրիկյանը նաև իր վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշման դեմ է վճռաբեկ բողոք ներկայացրել, և այդ բողոքն էլ վճռաբեկ դատարանն է վարույթ ընդունել։ Իրականում, բոլորին է հայտնի, որ վճռաբեկ դատարանը եզակի դեպքերում է բողոքները վարույթ ընդունում, և այդ եզակիների շարքում է հայտնվել հենց Հակոբ Ումրիկյանը։ Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է Հակոբ Ումրիկյանը կարողանում նման հաջողությունների հասնել ՀՀ դատարաններում, և Ումրիկյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա բավականին սերտ կապեր ունի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների, ապա նաև հենց վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, ով ներկայումս ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է, և որ Հակոբ Ումրիկյանը հաճախ է պարծենում նրա հետ ունեցած կապերով, ինչպես նաև նրանով, որ դատարաններում ինքը ոչ մի խնդիր չունի։
Ընդ որում, նշենք, որ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ Հակոբ Ումրիկյանը 2022 թվականին նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ ԴԱՀԿ աշխատակցին սնանկության կառավարչի միջոցով՝ խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար։ Չնայած, որ այդ արարքի համար պատիժ է նախատեսված 200-400 հազար դրամի չափով՝ տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում, սակայն Հակոբ Ումրիկյանի նկատմամբ նվազագույն պատիժ է նշանակվել՝ տուգանք 200.000 դրամի չափով։ Տեղեկացանք նաև, որ 2022 թվականից Հակոբ Ումրիկյանի հետ կապված մի քանի քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում՝ «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրենի հետ բազմաթիվ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, սակայն գործը ոչ մի կերպ առաջ չի գնում, և չնայած տնօրենին մեղադրանք առաջադրվել է, սակայն Հակոբ Ումրիկյանին դեռևս հաջողվում է ջրից չոր դուրս գալ և նրա մասով գործն արդեն 2 տարի է առաջ չի գնում։
ArmLur.am-ը կապ հաստատեց Հակոբ Ումրիկյանի հետ, որը, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Ես Ձեր կողմից նշված անձնավորությանը չեմ ճանաչում, ես անգամ չգիտեմ, թե Դուք ում մասին եք ասում, ես անգամ չգիտեմ՝ ինքը ով է: Իսկ ինչ վերաբերում է մյուս գործերին, տարբեր դատական գործեր են ընթանում, իմ վրա էլ են գրել, ինձ վրա մի քանի քրեական վարույթով քննություն է ընթանում: Դուք նշեցիք այգու տնօրենի մասին. այգու տնօրենի գործը այս պահին դատարանում քննվում է, մարդը 25 հազար դրամ է վճարել ապահովության համար, ու 25 հազար դրամի համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ուղղակի մարդիկ փորձում են մեր անունը, կարգավիճակը օգտագործել, իրենց համար PR ստեղծել ու մեր վրա էլ ցեխ շպրտել: Ի՞նչ է նշանակում, թե դուք դատարանում լավ կարգավիճակում եք, ձեզ համար լավ է. բազմաթիվ գործեր են քննվում, մի տեղ լավ է գործը, մեկ այլ տեղում՝ վատ, ի՞նչ է դա նշանակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։