«Երգեհոնային երաժշտության 500 տարին»՝ Կոմպոզիտորների միությունում
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում «Երգեհոնային երաժշտության 500 տարին» համերգի շրջանակներում Կոնստանտին Վոլոստնովը կկատարի Ժիրայր Շահրիմանյանի («Սուրբ Ծննդյան երեք երգ երգեհոնի համար») և Արսեն Հարությունյանի (Հայկական հոգևոր խորալ) ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկանցնում են Կոմպոզիտորների միությունից։
«Առաջիկա համերգը Երևանի համար զարմանալի և հազվագյուտ հնարավորություն է ոչ միայն շփվելու երգեհոնային արվեստի բոլոր հիմնական դարաշրջանների հետ, այլ նաև՝ ռոմանտիկ դարաշրջանի գլուխգործոցներ լսելու ամենաճշգրիտ հնչողությամբ։
Ծրագիրն ընդգրկելու է 17-ից 21-րդ դարերը, թեև հիմնական շեշտը դրվելու է 19-րդ դարի կոմպոզիտորների վիրտուոզ, չափազանց երևակայական երաժշտության վրա, որը երգեհոնային երգացանկի ոսկե ֆոնդի մաս է կազմում: Նրանց թվում են Մենդելսոնը, Ֆրանկը և Լիստը: Համերգը կբացվի գերմանացի կոմպոզիտոր Դիտրիխ Բուքստեհուդեի՝ հինգ դար առաջ գրված ստեղծագործությամբ՝ «Նախերգանք դո մաժոր»։ Նրա մոտ սովորելու համար նույնիսկ մեծն Բախը բախվեց իր եկեղեցու ղեկավարության հետ։
Իսկ Բախի ստեղծագործությունները կներկայացվեն նրա խորհրդանշական «Նախերգանք և ֆուգա լա մինոր»-ով, որն իր հուզականության և մղման շնորհիվ գրավեց հետագա սերունդների
շատ երաժիշտների սրտերը (ինչպես գիտենք՝ Լիստը, Բուզոնին, Կաբալևսկին և ուրիշներ կատարել են այս ստեղծագործության արտագրումները դաշնամուրի համար):
Կհնչի նաև Բախի խմբերգային բազմաթիվ մշակումներից մեկը։ Այն զուգակցվելու է ժամանակակից հայ կոմպոզիտոր Արսեն Հարությունյանի ստեղծագործության հետ, որը հիմնված է հայ հոգևոր երաժշտության մեղեդայնության վրա:
Ծրագրի ռոմանտիկ էջերը կբացվեն Մենդելսոնի «Դո մինոր սոնատով»։ Ոչ բոլորը գիտեն, որ «Հարսանեկան քայլերթի» հեղինակը ոչ միայն փայլուն դաշնակահար է եղել, այլև հանդես է
եկել որպես երգեհոնահար։ Մենդելսոնն էր, ով երգեհոնային ավանդույթները լրացրեց ռոմանտիկ տեքստերով և թատերական պատկերներով:
Ծրագրի գերմանական գիծը կշարունակվի 19-րդ դարի երգեհոնային գլուխգործոցների պատվանդանը մեկ դար շարունակ չլքող ստեղծագործությամբ՝ Ֆերենց Լիստի B-A-C-H անվամբ
նախերգանքով ու ֆուգայով։ Առաջին իսկ հնչյուններից Լիստը գրավում է ունկնդրին անհավատալի վիրտուոզությամբ, կոնտրաստներով և երգեհոնի համար նոր երաժշտական միստիցիզմով։ Այստեղ առանձնահատուկ դեր է խաղալու հենց ինքը՝ Կոմպոզիտորների միության գործիքը, որն այսօր Հայաստանում գործողներից ամենախոշորն է։ Իր չափի և տեմբրերի բազմազանության շնորհիվ այն թույլ է տալիս կատարել ցանկացած ժամանակաշրջանի երաժշտություն:
Երգեհոնի այս որակները որոշիչ են XIX դարի ֆրանսիական երաժշտություն նվագելու հնարավորության համար, որում երգեհոնը ձեռք է բերում առավելագույն խորաթափանցություն և միաժամանակ նվագախմբային հնչողություն։ Այս ամենը բնորոշ է Ֆրանկի հայտնի և երգեհոնային արվեստի երկրպագուների կողմից սիրված «Նախերգանքին, ֆուգային և վարիացիային», ինչպես նաև այն կոմպոզիտորին, ով ստեղծել է իր բոլոր նշանակալից ստեղծագործություններն արդեն 20-րդ դարում՝ Նոտր Դամի երգեհոնահար Լուի Վիերնին:
Երգեհոնային սպեկտրի ամբողջականությունը կլրացվի մեկ այլ ժամանակակից հեղինակի՝ երեք մանրանկարներից բաղկացած օպուսով, որն ստեղծվել է բոլորովին վերջերս՝ 2014 թվականին. Ժիրայր Շահրիմանյանի «Սուրբ Ծննդյան երեք երգ երգեհոնի համար»-ը վառ ու գեղեցիկ երաժշտություն է, որը լիովին համապատասխանում է ձմռան առաջին ամսվա տոնական տրամադրությանը»,- համերգի ծրագիրը մանրամասն նկարագրում են միությունից։