Արցախում բնակվող 2 հայ լուսանկարվել են «Պապիկ-Տատիկ»-ի մոտ, պարզ է, որ դա արել են ադրբեջանցիները. Քաղաքագետ
Արցախում բնակվող ազգությամբ հայ երկու քաղաքացիներ՝ Սարգիս Գալստյանն ու իր կինը, այցելել են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Պապիկ-Տատիկ) հուշարձան և այնտեղ նկարահանվել փոքրիկ տեսանյութում։ Ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, պարզ է, որ հոլովակը նկարահանվել է ադրբեջանցիների կողմից, նաև պարզ է, որ ադրբեջանցիները հենց այնպես չեն նման հոլովակներ նկարահանում և ցանցում տեղադրում։ Քարոզչական ինչ-ինչ խնդիրներ են լուծում։
«Հիմա հարց լրագրող և խմբագիր գործընկերներին՝ ինչո՞ւ եք թշնամու քարոզչությունը տեղադրում ձեր լրատվական հարթակներում։ Like-երի և click-ների համա՞ր։
Ախր սա նոր խնդիր չէ։ Մի՞թե մինչ օրս չհամոզվեցինք, որ պատերազմը միայն երկրի սահմանում ու առաջնագծում չէ ընթանում։ Փոքր հաղթանակներով է պետք կերտել մեծերը։ Վերջապես ինչ-որ տեղից պետք է սկսել, չէ՞։ Եկեք սկզբի համար փորձենք տեղեկատվական դաշտում հաղթել թշնամում։ Վստահեցնում եմ՝ գոնե թե այդքանը մենք կարող ենք անել։ Եվ ուրեմն պետք է անենք։ Բավական է արդեն այսպես ապրել»,- գրել է քաղաքագետը։