
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. ԱԳՆ
Այսօր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է։ ԱԳՆ հաղորդմամբ, օրվա առթիվ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրվա հիմնական նպատակը ցեղասպանության դեմ պայքարն է՝ հիշեցումը ցեղասպանությունների արդյունքում մարդկության կրած անդառնալի կորուստների մասին։
Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը կարևոր քայլ է պատմական հիշողության պահպանման գործում, որը նաև ցեղասպանության կանխարգելումն ապահովելու միջոցներից է:
Դեկտեմբերի 9-ը ընտրվել է որպես հիշատակի օր ելնելով այն հանգամանքից, որ հենց այս օրն է ՄԱԿ-ի կողմից ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Այսօր նաև լրանում է Կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիան, լինելով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, ոչ միայն տվեց ցեղասպանության սահմանումը, այլև բարձրացրեց զոհերի հանդեպ արդարության և անպատժելիության վերացման խնդիրները: Կոնվենցիան վավերացրել է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 153 պետություն։
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակում տարբեր նախաձեռնություններով։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան