Հայասաթ-1-ը իռլանդականից 2 անգամ փոքր է . Հրանտ Խաչատրյան
Գիտուժ նախաձեռնության անդամ, YerevaNNի տնօրեն Հրանտ Խաչատրյանը գրում է.
«2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռը տիեզերք բարձրացրեց 25 մեծ ու փոքր արբանյակներ: Դրանց մեջ էր մի փոքրիկը, որի շնորհիվ ևս մեկ փոքր երկիր միացավ երբևէ սեփական արբանյակ պատրաստած պետությունների ցանկին:
Այդ փոքր երկիրն էր Իռլանդիայի Հանրապետությունը:
2017 թվականին Իռլանդիայի ամենամեծ համալսարանի մի խումբ պրոֆեսորներ և ուսանողներ առաջարկ պատրաստեցին, որ հավաքեն սեփական արբանյակը և դիմեցին Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հատուկ ծրագրին, որի նպատակն էր ֆինանսավորել համալսարանական փոքր արբանյակների նախագծերը: Առաջարկը ընդունվեց, ու իռլանդացիները սկսեցին աշխատել: Արբանյակը կոչվեց EIRSAT-1, Educational Irish Research Satellite-1:
Արդյունքում պատրաստեցին 2U չափի փոքրիկ արբանյակ: Չափերը՝ 20x10x10սմ: Եթե ճիշտ եմ հասկանում, նախատեսում էին ամիսների ընթացքում պատրաստել ու ուղարկել: Բայց պրոցեսը ձգվեց տարիներ, ընթացքում որոշվեց բարդացնել արբանյակը: Վերջնական տարբերակում երեք հետաքրքիր «գործիքներ» տեղադրվեցին արբանյակում: Մեկը տիեզերական գամմա ճառագայթներ գրանցող նոր տիպի սենսոր է, որը ստեղծել է իռլանդական մի ընկերություն: Երկրորդը մի մոդուլ է, որով իռլանդական մեկ այլ ընկերության ստեղծած նոր պաշտպանիչ նյութ են փորձարկում տիեզերքի էքստրեմալ պայմաններում: Երրորդը նույն համալսարանի մեկ այլ բաժնում պատրաստված նոր տիպի մոդուլ է, որը թույլ է տալիս մագնիսական դաշտի օգնությամբ «պտտել» արբանյակը նախատեսված ուղղությամբ (սրա նման ավելի «ստանդարտ» բան Հայասաթ-1-ի վրա էլ կա):
Արբանյակի վրա ծախսվեց 1․5մլն եվրո: Ֆինանսավորումը կատարվեց ESA-ի ինչպես նաև Իռլանդիայի պետական կառույցների կողմից: Նախագծի հաստատումից շուրջ 6․5 տարի անց արբանյակը թռավ տիեզերք:
Ինչպես գիտեք, նույն օրը նույն հրթիռը տիեզերք հանեց նաև Հայաստանում ստեղծված առաջին արբանյակին:
Հայասաթ-1-ը իռլանդականից 2 անգամ փոքր է (1U), ունի միայն մեկ հետաքրքիր մոդուլ՝ Հայաստանում ստեղծված IMU, որը, էլի, հիմա կփորձարկվի տիեզերական պայմաններում: Արբանյակի վրա ծախսվել է 3 անգամ քիչ գումար, աշխատանքները ավարտվել են 3 անգամ ավելի արագ (~2 տարում): Նախագիծը ֆինանսավորվել և իրականացվել է երկու մասնավոր լաբորատորիաների կողմից (Բազումք և CSIE): ՀՀ հարկատուների վրա այս արբանյակը նստել է մինուս 10 միլիոն դրամ: Ինչու՞ մինուս: Որովհետև տիեզերական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունները պետք է բյուջե վճարեն 10 միլիոն դրամ: Շահույթ չհետապնդող հետազոտական խմբերի համար բացառություն չարվեց:
Ինչո՞ւ եմ սա պատմում: Վերջերս հասկացել եմ, որ երկրների, հասարակությունների «քաշային կատեգորիան» երևում է նաև նրանից, թե նման իրավիճակներում, երբ որևէ բան պիտի առաջին անգամ անեն, ի՛նչ մասշտաբով են պլանավորում առաջին քայլը: Թե՛ Իռլանդիայում ու թե՛ Հայաստանում առաջին սեփական ձեռքերով սարքվող արբանյակի պլանավորումը շատ խելացի մարդիկ են կատարել: Գնահատել են հնարավորությունները, պոտենցիալը, ռիսկերը, ու որոշում են կայացրել անել կոնկրետ այս չափի ու այս բյուջեի նախագիծ: Երկու դեպքում էլ բարեհաջող հասել են վերջնական փուլին, կիսատ չեն թողել: Իռլանդիայում չգիտեմ, մեր համար սա հիանալի հաջողություն է:
Ի՞նչ պիտի անենք մենք բոլորս: Եթե ուզում ենք հաջորդ քայլը լինի ավելի տպավորիչ, պիտի մեծացնենք մեր բոլորի գումարային ունակությունները: Ստեղծենք նոր գիտական խմբեր ու նոր ընկերություններ, որ կարող են տիեզերական տնտեսության մաս դառնալ և իրենց արտադրանքը փորձարկեն ապագա արբանյակներում: Ուժեղացնենք պետական մարմիններին, որ ավելի մեծ ռիսկով ներդրումներ անեն այս ոլորտում: Գտնենք նոր ֆինանսավորման աղբյուրներ, կոմերցիալիզացիայի ճանապարհներ, միջազգային համագործակցության նոր ձևաչափեր:
Մեզնից շատերը հեռու են տիեզերական ոլորտից: Բայց կարող ենք մտածել այս նույն հարցի մասին մե՛ր ոլորտների վերաբերյալ: Եթե ձեր ոլորտում սկսեիք խոշոր նախագիծ իրականացնել, ի՞նչ մաշտաբի կլիներ դա: Քանի՞ գործընկեր կազմակերպության հետ կաշխատեիք: Ինչպե՞ս կարող ենք հենց այսօր մեծացնել մեր գումարային ունակությունները, որ ապագայում նոր ծրագրեր սկսելուց միանգամից ավելի մեծ քայլերով գնանք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
- «Հայասաթ-1»-ն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները
- «Հայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր
- Տիեզերք բարձրացավ «Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը
- «Հայասաթ-1»-ն արդեն ԱՄՆ-ում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան