«Փաստ». Դատախազությունը խնդիր ունի՝ հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան Չալաբյանին ազատությունից զրկել
«Փաստ» թերթը գրում է.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Ենթադրվում էր, որ երեկ պետք է կայանար եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկվեին պատժի հարցերը: Ի վերջո, դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ էր կայացրել: Սակայն այն բանից հետո, երբ Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատարանին ներկայացրեցին պատիժը մեղմացնող հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը, հանրային մեղադրողը անակնկալ կերպով խնդրեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, թե պատժաչափի և խափանման միջոցի իր առաջարկի համար անհրաժեշտություն ունի մեղմացնող հանգամանքները ձևակերպող փաստաթղթերն ուսումնասիրել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ դատախազությունը ցանկանում է նախ՝ նորից փոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը և նրան վերստին կալանավորել, ապա և այնպիսի վճիռ ստանալ դատարանում, որը թույլ կտա Ավետիք Չալաբյանին հնարավորինս երկար պահել անազատության մեջ: Սակայն, քանի որ ի սկզբանե գործը շատ թույլ է, ապացույցներն անբավարար են, մյուս կողմից՝ գործի ընթացքում Քրեական օրենսգիրք է փոխվել, որի արդյունքում տեղի է ունեցել Չալաբյանին մեղսագրվող արարքի մասնակի ապաքրեականացում, և այն հոդվածը, որով ի սկզբանե հարուցվել էր գործը, վերացվել է, իսկ առկա հոդվածը չի համապատասխանում:
Ըստ այդմ, դատախազությունը խնդիր ունի՝ հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան Չալաբյանին ազատությունից զրկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հասկանալով, որ ոչինչ հնարավոր չէ անել օրենքի և օրինականության սահմաններում, դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ, դրա համար էլ երեկ դատը հետաձգելու միջնորդություն ներկայացվեց: Հավելենք, որ երեկ Ավետիք Չալաբյանն ասաց, որ քանզի դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է տվել, անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց կորոշի, իրենք բոլոր դեպքերում դա բողոքարկելու են։ «Շարունակում ենք պնդել՝ որևէ մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու»,- ասաց Չալաբյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Աշխատանքից կազատվի ոչ միայն դաստիարակը, այլ նաև մանկապարտեզի տնօրենը
- «Փաստ». Ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել