102-րդ ռազմաբազայի ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացու
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգում է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սեդրակովին։ Այդ մասին հայտնում է «Ազատությանը»-ը:
«Սեդրակովն, ըստ Սաքունցի, Ռուսաստանում պայմանագրային զինծառայող է եղել, սակայն Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան՝ իր հազարավոր հայրենակիցների նման։ Օրերս, սակայն, նրան ձերբակալել ու Գյումրիի ռազմաբազա են տեղափոխել, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ զորամասն ինքնակամ լքելու հիմքով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ղեկավարող Սաքունցն ասում է՝ ահազանգն իրենք ստացել են Ռուսաստանում գործող մի իրավապաշտպան կազմակերպությունից, որին դիմել է Սեդրակովի կինը։ Նրան զանգահարել են 102-րդ ռազմաբազայից ու տեղեկացրել ամուսնու ձերբակալման մասին։ Սաքունցը հենց այդ նույն համարին է զանգահարել՝ իրեն ևս հաստատել են, որ տղամարդը ձերբակալված է։
…Ի դեպ, հենց այսօր Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող մի 20-ամյա տղամարդու ձերբակալության մասին։ Այս դեպքում էլ նշվում է, որ նա մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայկական կողմն արդեն տեղեկացրել է Ռուսաստանին տղամարդու հայտնաբերման մասին։
Ինչ վերաբերում է Դմիտրի Սեդրակովին, ապա իրավապաշտպան Սաքունցը նրա հարցով արդեն դիմել է գլխավոր դատախազին. - «Որպեսզի քրեական վարույթ հարուցվի, և ձեռք առնվեն բոլոր միջոցները Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ապօրինի գործողությունների հիմքով, փաստով, և նաև ջանքեր գործադրվի, որպեսզի արգելվի կամ կանխվի Դմիտրի Սեդրակովի հնարավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնություն»:
Դատախազությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ Սաքունցի դիմումը ստացել են և սահմանված կարգով ընթացք կտան։
Սաքունցը ռազմաբազայից նաև հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ են Սեդրակովին ձերբակալել. - «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն է, որ նման բոլոր հրաժարվողներին ձերբակալեն: Այսինքն, դուրս է գալիս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում»»,-ասվում է հոդվածում:
Հարակից հրապարակումներ`
- «Վերջին զանգ»․102 մեքենայի ղեկին եղել են անչափահասներ, որոնցից մեկը՝ ոչ սթափ վիճակում
- Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ․ Ոստիկանություն
- «AQUILA TECHNICS» ՍՊԸ-ի տնօրենը հափշտակել է շուրջ 102 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում