Ամանորյա «Ջազի սերունդ» խորագրով համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 23-ին կկայանա ամանորյա նախատոնական «Ջազի սերունդ» խորագրով համերգային երեկոն, որը կազմակերպվում է «Նյու Ջեներեյշն» նախագծի կողմից։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը կունկնդրի ջազմեններ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և Կարեն Գրիգորյանի կատարումները: Համերգին մասնակցում են նաև Նիկողայոս Վարդանյանը /կոնտրաբաս/ և Արման Մնացականյանը /հարվածային գործիքներ/:
Լևոն Մալխասյանը Երևանի առաջին ջազ եռյակի հիմնադիրն է, բեմ է բարձրացել աշխարհի ավելի քան 40 երկրում։ Նյու Յորքի միջազգային ջազային ասոցիացիայի որոշմամբ ստացել է պաշտոնական սերտիֆիկատ՝ Երևանում ջազային փառատոնը բարձր մակարդակով անցկացնելու համար։
Վահագն Հայրապետյանը «Կատուներ» ավանգարդ ջազ-ռոք խմբի ղեկավարն է և հայկական ջազի այն կերպարը, ով տասնամյակներ շարունակ բարձր մակարդակով է ներկայացնում ջազն աշխարհում։
Կարեն Գրիգորյանը ընտրել է ջազը, որովհետև կարծում է, որ ջազում կոմպոզիտորական ազատություն կա և երբ մարդ գտնվում է այդ ազատության մեջ, հասկանում է, որ ամեն ինչ փոխադարձ է՝ «այն, ինչ տալիս ես երաժշտությանը, նույնը երաժշտությունը տալիս է քեզ»։
Երեկոյին մասնակից մյուս երաժիշտը թավջութակահար, «Մալխաս» ջազ խմբի կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանն է, ով համագործակցել է հանրահայտ այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Միշել Լեգրանը, Չիկ Կորեան, Իգոր Բուտմանը, Դանիլ Կրամերը, Արմեն Դոնելյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը եւ մյուսները։
Թմբկահար Արման Մնացականյանն էլ ցանկալի երաժիշտ է հայաստանյան տարբեր ջազ խմբերում։ Նա 25 տարեկանում հաջող կարիերա է կառուցել և հասցրել է ելույթ ունենալ հայ և արտասահմանցի արտիստների հետ:
Երեկոյի ընթացքում կհնչեն հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններ, ինչպես նաև տոնական մեղեդիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա