ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը. Վահրամ Բալայան
Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ իրավունքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի Խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը։
«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրավական առումով չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, եթե, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրվի՝ առանց Արցախի հետ կապված վերապահման, ապա հետագայում հնարավոր է դա պատրվակ դառնա ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպես ՌԴ-ն է ասել, թե ՀՀ իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպես էլ այդ պայմանագիրը կարող են պատրվակ դարձնել, եթե չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանա, բայց կրկնում եմ՝ դա իրավական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշվել էր իր տարածքի վրա և ոչ թե Ադրբեջանի կամ այլ պետության»,-ասաց Բալայանը և համոզմունք հայտնեց, որ որևէ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Բաքվի ախորժակը բավականին մեծ է և այն չի սահմանափակվել Արցախով, այլ ուզում է զավթել ամբողջ Հայաստանը։
Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքվելուց որոշա ժամանակ անց խախտվել են․
«Իհարկե, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կբխի, բայց որևէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացվի կամ տարածքների փոփոխություն լինի։ Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողություն սկսի ԽՍՀՄ դեմ։ Այնպես որ, եթե անգամ նման պայմանագիր կնքվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Անընդհատ քաղաքական իրավիճակն աշխարհում փոփոխվում է, ու մենք պետք է չդադարենք պաշտպանել, տեր կանգնել մեր իրավունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պետք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում»,-նշեց Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ վերադարձն օրակարգային հարցերից է. Սամվել Շահրամանյան
- Լեմկինի ինստիտուտ․ Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել
- Այն տեսակետը, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ընկալելիություն չունի միջազգային հարաբերություններում, սուտ է․ ՀՅԴ գործիչ