Սերգեյ Մելքոնյան. Ուկրաինական պատերազմի շուրջ երկու դաշինք է ձևավորվում
Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին վաղը՝ դեկտեմբերի 12-ին կմեկնի Վաշինգտոն։ Սա պատերազմից ի վեր Զելենսկու երրորդ այցն է ԱՄՆ։ CNN-ը գրում է՝ նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զելենսկին վերջին անգամ Նահանգներում էր սեպտեմբերին։
Ուշագրավ է, որ այցը հաջորդում է Կոնգրեսում Ուկրաինային օգնության համաձայնագրի շուրջ քննարկումները փակուղի մտնելուն։
Սպասվող բանակցությունների, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հնարավոր զարգացումների մասին Panorama.am-ը զրուցել է APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ։
«Իրականությունը հետևյալն է. արդեն ակնհայտ է այն հակագրոհը, որ Ուկրաինան փորձում էր կես տարուց ավել փորձում էր առաջ մղել, տապալվեց։ Ոչ մի լուրջ հաջողություն իրենք չկարողացան գրանցել։ Հիմա Ռուսաստանն անցել է տակտիկական հակագրոհի տարբեր ուղղություններով, մոտ է հաջողությունների, օրինակ Մարինկայի, Ավդեևկայի ու այլ ուղղություններով։ Որպեսզի Ուկրաինան կարողանա պահել այն գիծը, որը դեռ կա, ավելի շատ օգնության կարիք ունի»,-ասաց Մելքոնյանը։
ԱՄՆ կոնգրեսում տեղի ունեցած քննարկումները, ըստ նրա, ցույց տվեցին, որ կես տարի առաջ եղած պատրաստակամությունը՝ Ուկրաինային օգնելու շուրջ, հիմա չկա, քանի որ բոլոր պետությունները պատրաստ են ներդրում անել այն դեպքում, երբ ինչ-որ արդյունք կա։
«Մինչդեռ Ուկրաինան արդյունք ցույց չտվեց։ Արևմուտքի տեսանկյունից հիմա ավելի ձեռնտու կլինի գնալ բանակցությունների՝ հաշվի առնելով այն, որ նախատեսված օգնության մեծ մասը հիմա գնում է Իսրայել։ Հիմա ոչ ոք պատրաստ չէ այդքան միլիարդներ, սնարյադներ հատկացնել, որի մասին խոսքում էր Զալուժնին։ Աշխարհում նման քանակ չկա»,-ասաց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ԱՄՆ-ից խնդրել է 17 միլիոն արկ և 350-400 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի դեօկուպացիայի համար։
Վերլուծաբանի խոսքով, հիմա ուկրաինական պատերազմի շուրջ երկու դաշինք է ձևավորվում, մեկը կարծում է, որ վաղ թե ուշ պետք է գնալ բանակցությունների, իսկ մյուսը, խոսքն առաջին հերթին Զելենսկու մասին է, որ պատրաստ չեն բանակցությունների։
«Զելենսկին ասում է՝ ոչ մի բանակցության մասին խոսել չեն կարող, քանի դեռ չեն վերադարձրել 1991 թ. դրությամբ եղած սահմաններին»,-նշեց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ Զելանսկու այցին ու օրակարգին, ապա փորձագետի խոսքով, քննարկվելու է, թե ինչ օգնություն է ԱՄՆ պատրաստ տրամադրել Ուկրաինային։
«Ըստ դրա Ուկրաինայում որոշում կայացնողները կորոշեն, թե ինչպիսին պետք է լինի իրենց ռազամավարությունը Ռուսաստանի նկատմամբ։ Հենց ԱՄՆ-ն դադարեցնի աջակցությունն Ուկրաինային, ակնհայտ է, ԵՄ-ն էլ պատրաստ չէ միայնակ օգնել, ներդրումներ անել, Ուկրաինան ստիպված կլինի գնալ բանակցությունների։ Այս պարագայում քննարկվելու է՝ ի՞նչ պայմաններով, քաղաքական և դիվանագիտական ինչպիսի աջակցություն կտրամադրեն Ուկրաինային»,-մանրամասնեց Սերգեյ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանը
- ԱՄՆ-ն Ուկրաինային թողեց բախտի քմահաճույքին
- Ադրբեջանը փորձում է հերքել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը
- Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Զալուժնիի վարկաբեկումը կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման. Արեստովիչ
- Թուրքիայից հայտարարում են, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինան կպարտվի
- ԵՄ-ն մտադիր է մինչև գարուն Ուկրաինայի զինված ուժերի 40 հազար զինվորական վերապատրաստել
- Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. Հերշ
- Սերգեյ Մելքոնյան. Այսօր արդեն շատերը պատրաստ չեն վճարել ու լինել Ուկրաինայի հաղթանակում ներդրողներից