Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ:
Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են հանդիսանում՝
օտարերկրյա պետություններում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը,
հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված օտարերկրյա պետություններում հայ ինքնության պահպանմանը,
Հայաստանի ջանքերը՝ ուղղված ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։
Ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի իրականացնել հայագիտության միասնական և համակարգված քաղաքականություն, սահմանել գերակա ուղղություններ։ Մասնավորապես՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով, ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով:
Ցանցային հայագիտական համալսարանի կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից՝ համակարգող մարմնի միջոցով։ Նման մարմին կարող է հանդիսանալ Հայաստանում գործող որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ գիտահետազոտական կենտրոն: Համալսարանի գործունեության համակարգումը կիրականացվի կառավարման խորհրդի միջոցով, որը կձևավորվի համալսարանի մասնակից հանդիսացող կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներից:
Համալսարանի գործունեությունը կառուցված է լինելու կրթական ծրագրերի իրականացման ցանցային ձևի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ընդգրկվելու կրթահետազոտական համատեղ ծրագրերում՝ օգտագործելով համալսարանում ընդգրկված կառույցների հնարավորությունները:
Օտարերկրյա պետությունների բուհերը կամ գիտահետազոտական կազմակերպությունները, որոնք ցանկանում են միանալ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համընկերության (կոնսորցիումի) մասին հուշագրին և մասնակիցների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին, կգնահատվեն նախապես մշակված և հաստատված չափանիշներով: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման առաջին փուլում կդիտարկվի ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված 13 պետությունների 15 կրթագիտական կառույցների ընդգրկումը: Երկրորդ փուլում հնարավորություն կընձեռվի ընդլայնելու Ցանցային հայագիտական համալսարանի գործունեության շրջանակը՝ ներգրավելով կրթագիտական նոր կառույցներ:
Կդիտարկվի կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունը ինչպես կարճաժամկետ հատվածում, այնպես էլ ամբողջական կրթական ծրագրի յուրացման համար: Դրանք կտրամադրվեն Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված ուսանողներին և հետազոտողներին՝ սովորելու և հետազոտություններ իրականացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների բուհերում և կրթագիտական կառույցներում: Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացներն արդյունավետ դարձնելու նպատակով կարող է դիտարկվել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող մարմնի ստեղծում, օրինակ՝ հիմնադրամ:
Համաձայն հայագիտության զարգացման ռազմավարության թիրախային ուղղությունների՝ կմշակվի Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ռազմավարությունը, որում կներկայացվեն ծրագրային միջոցառումները և ֆինանսավորումը՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման գործընթացն ապահովելու համար:
Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված կրթագիտական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ներդրումային ֆինանսական միջոցները:
2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում։ Ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 200 ուսանող, իրականացվում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և կրթագիտական համապատասխան կառույցի միջև ստորագրված՝ դասավանդման և հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:
Օտարերկրյա պետությունների համալսարանների, թանգարանների և գիտահետազոտական կառույցների հենքի վրա ներկայում գործում են 100-ից ավելի հայագիտական կենտրոններ, որոնք կարող են դիտարկվել որպես առանձին հաստատություններ կամ միավորվելով կազմել կրթագիտական համընդհանուր ցանցային կառույց՝ մեկտեղելով կրթագիտական կարողությունը։