Հայաստանում հոգեկան խնդիրներով առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ է գրանցվել երեխաների շրջանում
Հոգեկան առողջությունը հանդիսանում է մարդու առողջության և բարեկեցության անբաժանելի մասը: Միջազգային տվյալները վկայում են, որ բնակչության շուրջ 1/5-ն ունի այս կամ այն հոգեկան առողջության խնդիր: Այն նաև սերտորեն փոխկապակցված է տնտեսական վնասների հետ: Մասնավորապես, գնահատված է, որ անբավարար հոգեկան առողջության հետ փոխկապակցված տնտեսական վնասները կարող են կազմել համախառն ներքին արդյունքի մինչև 4%-ը, որը կարող է համապատասխանել մի քանի տասնյակ միլիարդ դրամի: Այս մասին նշած է ««Հերացի» վերլուծական կենտրոնի ուսուսմնասիրության մեջ։
Հոգեկան առողջության խնդիրները բնութագրվում են մարդու ճանաչողական ֆունկցիայի, հուզական կարգավորման կամ վարքի կլինիկական նշանակալի խանգարումներով: Դրանք սովորաբար ուղեկցվում են սթրեսով կամ ծանր ֆունկցիոնալ խանգարումներով:
2019թ.-ին աշխարհում ընդհանուր առմամբ 970 միլիոն մարդ ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, որոնցից ամենատարածվածը տագնապայնությունն է ու դեպրեսիվ խանգարումները: COVID-19 համաճարակի պայմաններում, տագնապայնության և դեպրեսիվ խանգարումներ ունեցող մարդկանց թիվը 2020թ.-ին զգալիորեն աճել է։ Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում տագնապայնության և լուրջ դեպրեսիվ խանգարումների տարածվածությունն աճել է համապատասխանաբար 26% և 28%-ով:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ` 2019թ-ին աշխարհում տագնապայնություն ունեցող անձանց թիվը կազմել է 301 միլիոն, այդ թվում 58 միլիոն դեպք գրանցվել է երեխաների և դեռահասների շրջանում, դեպրեսիա ունեցել է 280 միլիոն մարդ, այդ թվում 23 միլիոնը երեխաներ, երկբևեռ խանգարումներով՝ 40 միլիոն մարդ, դիսոցիալական խանգարումներով՝ 40 միլիոն, շիզոֆրենիայով՝ 24 միլիոն մարդ: Պատերազմող երկրներում նաև շատ տարածված են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:
Ընդհանուր առմամբ՝ հոգեկան առողջության բոլոր խնդիրները, բացառությամբ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործմամբ պայմանավորված խնդիրների, ավելի հաճախ են հանդիպում կանանց շրջանում: Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2019թ.-ին մեծահասակ բնակչության շրջանում հոգեկան խնդիրներ են ունեցել կանանց 20%-ը և տղամարդկանց 18%-ը: Եվրոմիության երկրներում տագնապայնության և դեպրեսիայի տարածվածությունը, համապատասխանորեն, 2 և 1.7 անգամ ավելի բարձր է կանանց շրջանում, քան տղամարդկանց մոտ:
Համաձայն ԱՀԿ տվյալների` հոգեկան առողջության բոլոր խնդիրների կեսը սկսվում է 14 տարեկան հասակում, սակայն դրանց մեծ մասը չի հայտնաբերվում և չի բուժվում: Աշխարհում դեռահասների 10%-ից մինչև 20%-ը զգում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Տղաների շրջանում հիմնականում տարածված են աուտիզմը, մասնավորապես Ասպերգերի համախտանիշը, տագնապայնությունը և վարքի խանգարումները, մինչդեռ աղջիկների մոտ` տագնապայնությունը, վարքի խանգարումները և դեպրեսիան:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես 1995-2022թթ. ժամանակաշրջանում հոգեկան խնդիրներով առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ է գրանցվել (33.1-ից մինչև 84.9/100.000 բնակչի հաշվով): Նույն ժամանակահատվածում դիսպանսերային հսկողության տակ գտնվող պացիենտների ցուցանիշը աճել է 3.7 անգամ (23.6-ից մինչև 88.2/100.000 բնակչի հաշվով), խորհրդատվական հսկողության տակ վերցված պացիենտների թիվը` 3 անգամ (9.5-ից մինչև 28.5/100.000 բնակչի հաշվով): Ընդ որում, առաջնակի հիվանդացության ցուցանիշի աճ գրանցվել է նաև երեխաների շրջանում. 0-14 տարեկանների խմբում` 2.4 անգամ (19.9-ից մինչև 48.3/100.000 այդ տարիքի բնակչի հաշվով), իսկ 15-17 տարեկան դեռահասների շրջանում` 2.5 անգամ (80-ից մինչև 200/100.000 բնակչի հաշվով):
Առաջնակի հիվանդացության զգալի աճ է (27.4%-ով) տեղի ունեցել, հատկապես հետկովիդյան ժամանակահատվածում և 44-օրյա պատերազմից հետո: 2020թ.-ի ցուցանիշը կազմել էր 66.1/100.000, իսկ 2021թ.-ին` 84.2/100.000 բնակչի հաշվով:
Համաձայն ԱՀԿ տվյալների՝ 2019թ.-ին Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կանանց և տղամարդկանց տոկոսը կազմել է համապատասխանաբար` 10.9% և 10.2%: Հոգեկան խնդիրների կառուցվածքում առաջին տեղն է զբաղեցնում մտավոր հետամնացությունը (22.9/100.000), երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում են համապատասխանաբար` օրգանական հոգեկան խնդիրները (16.0/100.000), նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և մարմնաձևային խանգարումները (13.7/100.000 բնակչի հաշվով), շիզոֆրենիան, շիզոտիպիկ և զառանցանքային հոգեկան խնդիրները (9.2/100.000): Նույն աղբյուրի համաձայն` դեպրեսիվ խնդիրներ գրանցվել են 3.5 և 2.3% ՀՀ կանանց և տղամարդկանց շրջանում: Տագնապայնության առկայությունը գրանցվել է 3.9% և 2.5% կանանց և տղամարդկանց շրջանում, երկբևեռ խանգարումները` 0.57 և 0.51%-ի մոտ:
Հայաստանի մարզերի 18 և բարձր տարիքային խմբում 2022թ.-ին հոգեկան խնդիրներով առաջնակի հիվանդացության ցուցանիշի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակում (375.9/100.000 բնակչի հաշվով), այնուհետև` Երևանում – 328.9/100.000, Կոտայքում- 238.9/100.000: Ամենացածրն է եղել մակարդակը Վայոց Ձորում- 30.1/100.000 բնակչի հաշվով: Միևնույն ժամանակ 0-14 տարեկան երեխաների խմբում առաջնակի հիվանդացության ցուցանիշի մակարդակները Շիրակի և Լոռու մարզերում գրեթե նույնն են եղել (376.3 և 378.4/100.000 բնակչի հաշվով):
Այսօր աշխարհում գոյություն ունեն հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցներ: Կախված խնդրի տեսակից կարող են կիրառվել բուժման տարբեր մեթոդներ. հոգեբանական օգնության մի շարք մեթոդներ, ներառյալ հոգեկրթությունը, սթրեսի նվազեցման մեթոդները, սոցիալական գործունեության տարբեր ցուցանիշների բարձրացումը, հոգեսոցիալական վերականգնումը, ինչպես նաև կախված հիվանդի տարիքից և խնդրի ծանրության աստիճանից, կարող է նշանակվել դեղորայքային բուժում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան