«Մեզ մի ամիս է՝ խաբում եք». Ձկնաբույծը՝ նախարարին
«Մեզ արդեն մի ամիս է՝ խաբում եք։ Մոտեցեք, երկու հարց ունենք»,-բողոքի դուրս եկած ձկնաբույծները դիմեցին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, որը դուրս էր եկել՝ դիմավորելու Նիկոլ Փաշինյանին։
Այցին ընդառաջ, ավելի վաղ հայտնել էինք, որ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել նախարարությունների շենք՝ ապահովելու Փաշինյանի մուտքը նախարարություն։
Սիմիդյանն այդպես էլ չմոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին, իսկ Փաշինյանն այլ մուտքով մտավ շենք։
Դրանից հետո ոստիկանները հեռացան՝ մտնելով նախարարությունների շենք։
«Նախարարն ապացուցեց մեր ասածները, ոլորտը մատնված է անտարբերության, պայմանավորվածություններն իրենց կողմից կյանքի չեն կոչվում, ինչ արվում է, արվում է միակողմանի, առանց ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների հետ քննարկման»,-տեղի ունեցածից հետո հայտարարեց ձկնաբույծներից մեկը։
Ակցիայի մասնակիցները նշեցին, դժվար չէր առավոտյան ժամը 9-ին իրենց կես ժամով ընդունել, հետո անցնել այլ գործերին։
«Լավ, ընդունենք, շատ զբաղված էր, չկարողացավ, բայց կարար չէ՞ մեկն ու մեկը իջներ, ասեր, մի քանի օրից հանդիպենք»,-ասաց դժգոհ ձկնաբույծը։
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությունների շենքի դիմաց բազմաթիվ սևբերետավորներ բերվեցին
- Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում