«Հրապարակ». Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի Արմեն Փամբուխչյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին: Ավելին՝ հայտնել են, որ Ավինյանին անորոշ ժամանակով կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ինչը նշանակում է, որ գրությունները պետք է հասցեագրվեն Փամբուխչյանին։ Նման բան լինում է, երբ քաղաքապետն արձակուրդ է գնում, սակայն Ավինյանն արձակուրդ չի վերցրել: Քաղաքապետարանի խոսնակը մեզ ասաց.
«Քանի որ կան հսկողականներ` տարբեր վարչությունների վրա, և դրանց վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթվա մեջ, դրա համար որոշում կայացվեց հաջորդ երկուշաբթի նիստն անցկացնել, որ ամբողջական պատկեր ունենանք»: Այս տրամաբանությամբ ԱԺ-ն ու կառավարությունն էլ կարող են հերթական նիստը չանել և պարզաբանել, որ բոլոր նախագծերը հավաքելու են՝ մի օրում քննարկեն։ Իսկ հաջորդ երկուշաբթի դիսպետչերականը Տիգրան Ավինյա՞նն է վարելու։ «Դիսպետչերականները միշտ քաղաքապետն է վարում, այժմ նման տեղեկություն չկա, որ Արմեն Փամբուխչյանն է վարելու: Գուցե այդպես լինի, եթե քաղաքապետն արձակուրդում կամ գործուղման մեջ լինի»։
Նիստի չեղարկումը և Ավինյանին Փամբուխչյանով փոխարինելն ուշագրավ են վարչապետի և քաղաքապետի ոչ հարթ հարաբերությունների կոնտեքստում։ Չի բացառվում, որ ոչ մի ինտրիգ էլ չկա, սակայն, մյուս կողմից, հնարավոր է սա Ավինյանին չեզոքացնելու հերթական քայլն է՝ դեֆակտո քաղաքապետ են կարգում առաջին տեղակալին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։